ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին ժեստերի լեզուների միջազգային օրը
24.09.2020
Նշեցին ժեստերի լեզուների միջազգային օրը

Սեպտեմբերի 23-ը ժեստերի լեզուների միջազգային օրն է: 

ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն ու ուսանողական խորհուրդը այս տարի ևս յուրահատուկ ձեռնարկով կարևորեցին օրն ու կազմակերպեցին իրազեկման օր: Լսողության խանգարում ունեցող անձանց հաղորդակցման հիմնական միջոցին՝ ժեստերի լեզվին նվիրված բացօթյա միջոցառմանը միացան բուհի 10 ֆակուլտետներից պատահականության սկզբունքով ընտրված ուսանողներ:

Ինչպես ուսանողները, այնպես էլ այգու անցորդները իրազեկվեցին օրվա խորհրդի և ժեստերի լեզվի պատմության մասին, իրականացվեց ժեստերի լեզվի ուսուցում, ժեստերի լեզվով ֆլեշ մոբ: Մասնակիցներն ստացան նաև ժեստերի լեզվի վերաբերյալ ձեռնարկ, որը հնարավարություն կտա ծանոթանալ լսողության խանգարում ունեցող նախադպրոցականների բառապաշարի զարգացման հատուկ վարժությունների:

Մասնակիցներն ու կազմակերպիչներն իրենց ձեռնարկով նպատակ ունեին հասարակությանը հիշեցնելու, որ միջազգային հանրությունն ընդունում է ժեստերի լեզուն որպես լիիրավ բնական լեզու:

Նշենք, որ ժեստերի լեզուների միջազգային օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: