ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշվեց պրոֆեսոր Սվետլանա Մարությանի 70-ամյա հոբելյանը
08.12.2017
Նշվեց պրոֆեսոր Սվետլանա Մարությանի 70-ամյա հոբելյանը

Ես անկեղծ սիրել եմ մարդկանց,
Եվ սեր եմ ստացել անափ,
Իսկ ինչ կա ավելի թանկ բան,
Քան ապրել ու լինել սիրված:

Այս կարգախոսով է առաջնորդվել Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Մարությանը, ում 70-ամյա հոբելյանի առթիվ Սկզբնական կրթության ֆակուլտետն ու Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը կազմակերպել էին ցերեկույթ-միջոցառում:

Գործընկերները, տարբեր տարիների ուսանողները շնորհավորեցին Սվետլանա Մարությանի հոբելյանը՝ նրան մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս միացավ շնորհավորանքներին և պրոֆեսոր Մարությանին մաղթեց երկար տարիներ մարդկանց, շրջապատի սերը վայելելու կարողություն և ցանկությունների, երազանքների իրականացում. «Մայր, գործընկեր, տատիկ և սոցիալական այլ կարգավիճակներում նա հանդես է գալիս յուրահատուկ ներդաշնակությամբ, միայն իրեն բնորոշ հանգստությամբ և իմաստուն լռակյացությամբ»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ Սվետլանա Մարությանը եղել է և կա իր սկզբունքներին հավատարիմ մարդ:

Գործընկերներն իրենց խոսքում կարևորեցին պրոֆեսորի երկարամյա գիտամանկավարժական գործունեությունը, նախադպրոցական կրթության ոլորտում նրա ներդրումը, իսկ տարբեր տարիների նրա ուսանողները պատմեցին հուշեր:

«Իսկական մտավորականի համար ապրելու իմաստը մարդկանց հոգիները կրթելու և հղկելու ձգտումն է: Քչերին է հաջողվել այսպես ապրել ու արարել կյանքում, սերունդներ կրթել, լույսի ու հավատի կանթեղներ վառել: Մանկավարժի ստեղծագործ ու բեղուն ձեր գործունեությամբ, մարդկային պայծառ կերպարով, ազգային վառ ու առաքինի նկարագրով մեր ողջ մանկավարժական հանրության համար դուք դարձել եք հարգելի և սիրելի կերպար»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնեց արգասաբեր աշխատանքի համար, ինչի շնորհիվ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնն ունեցել է մեծ ձեռքբերումներ:

Հոբելյարին շնորհավորեց նաև Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը և առանձնացրեց կարևոր այն երեք հատկանիշները, որոնք բնորոշում են Սվետլանա Մարությանին՝ օրինակելի ընտանեկան դաստիարակություն, երեխայակենտրոն և ուսանողակենտրոն հարաբերություններ, ամբիոնում ջերմ մթնոլորտի ստեղծման ունակություն:

Վլադիմիր Կարապետյանը միացավ օրվա առթիվ հնչող բարեմաղթանքներին և հավելեց՝ արժանի եք ավելիին, քան կարող ենք տալ այսօր:

«Ես ծնվել և ապրել եմ ճիշտ ժամանակին՝ իմ կյանքի բոլոր փուլերում ունենալով շոշափելի ձեռքբերումներ»,-իր կյանքի 70 տարիներն այսպես է ամփոփում Սվետլանա Մարությանն ու հպարտանում իր անցած ուղով:

7 թոռների տատիկն իր երկրորդ ընտանիքը համարում է Մանկավարժական համալսարանը, ինչի հետ ունեցած կեսդարյա պատմությունն իսկական հպարտության առիթ է պրոֆեսորի համար. դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ծրագրեր, որոնք արդեն իրականություն են, սակայն Սվետլանա Մարությանն առաջ է նայում, նախանշում նոր անելիքներ:

«Մարդկային փոխհարաբերություններում ես սերն եմ կարևորում, իսկ մարդկանց ես շատ եմ սիրում»,-վստահեցրեց Սվետլանա Մարությանն ու խոստացավ ապրել ու արարել նույն սիրով ու ջերմությամբ:

Ցերեկույթի ընթացքում իրենց կատարումներով պրոֆեսորին շնորհավորեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի երգչախումբն ու Երևանի համար 5 մանկապարտեզի սաները: