ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Նույնիսկ մեր երկրում ֆրանսերենն այսքան գեղեցիկ չի հնչում, որքան այստեղ»
06.03.2017
«Նույնիսկ մեր երկրում ֆրանսերենն այսքան գեղեցիկ չի հնչում, որքան այստեղ»

Արդեն մեկ ամիս է, ինչ Ֆրանսիայի Լիլ քաղաքի մանկավարժական կրթության բարձրագույն դպրոցի երկու մագիստրոս դասավանդում է ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետում:

Միջազգային մանկավարժության բաժնի մագիստրոսներ Մորգան Ֆլինուան և Գիյոմ Աքքարը փոխանակման շրջանականերում իրենց պրակտիկ հմտություններ են ձեռք բերում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» դասընթացի շրջանակներում:

Արդեն 3-րդ տարին է, որ փոխանակման ծրագրի շնորհիվ օտարազգի ուսանողներն ակտիվ պրակտիկայի ձևաչափով լինում են հայասատանյան դպրոցներում և Մանկավարժական համալսարանում, մասնավորապես՝ Օտար լեզուների ֆակուլտետի Ֆրանսերենի բաժնում:

Մորգան Ֆլինուան առաջին անգամ է Հայաստանում, խոստովանում է Ֆրանսիայի համեմատությամբ ոչինչ նույնը չէ. հիացած է հատկապես հայկական մշակույթով:

«Մեզանում տարբեր կրոնների առկայությունը խոչընդոտում է կրթական համակարգի աշխատանքը, իսկ այստեղ չկա այդ խնդիրը. բոլորը քրիստոնյա են»,-խոսելով հայկական կրթության առանձնահատկությունների մասին՝ նշեց Մորգան Ֆլինուան ու չթաքցնելով հայ ուսանողների հանդեպ հիացմունքը՝ հավելեց. «Ամենաթույլ կարողություններով ուսանողն անգամ խոսում է գրագետ ֆրանսերենով: Նույնիսկ մեր երկրում ֆրանսերենն այսքան գեղեցիկ չի հնչում, որքան այստեղ»:

«Դասընթացները երկուստեք արդյունավետ էին, օգտակար, քանի որ ֆրանսերենով շփումն իրականացրեց երկու մշակույթների լիարժեք երկխոսություն»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսիացի մյուս ուսանող Գիյոմ Աքքարը՝ խոստանալով, որ Հայաստան նորից կգա. այն հրաշալի երկիր է ճամփորդելու, շրջագայելու համար:

Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը կարևորեց օտարազգի ուսանողների հետ փոխանակման ծրագիրը՝ վստահեցնելով, որ նախորդ տարիների հաջող փորձը նպաստում է, որ ամեն տարի ունենանք օտարազգի պրակտիկանտների թվի ավելացում:

«Նրանց ներկայությունը շատ կարևոր է. լեզուն սովորում և ամրապնդում են խոսելով, իսկ ուսանողների համար դասից դուրս չկա այդ միջավայրը»,-նշեց ամբիոնի վարիչն ու ուրախությամբ նկատեց, որ ֆրանսիացի ուսանողներին տեսարժան վայրեր ուղեկցել են ՀՊՄՀ-ի ուսանողները՝ կատարելով միաժամանակ նաև էքսկուրսավարի դեր:

Մանկավարժական համալսարանում դասավանդելու վերջին օրն արդեն օտարազգի ուսանողները խոստովանում են՝ պրակտիկան արդյունավետ է, հաջողված և չկրկնվող փորձ մանկավարժ դառնալու ճանապարհին: