ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նվիրաբերեցին գրքեր
15.06.2022
Նվիրաբերեցին գրքեր

Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակի առթիվ բուհի Գիտական գրադարանին նվիրաբերեց կառույցի՝ վերջին տարիներին հրատարակած շուրջ 60 արժեքավոր աշխատություն՝ պատմագիտական, հայկական ճարտարապետությունը, մշակույթն ուսումնասիրող և հետազոտություններ պարունակող գրքեր, քարտեզներ, ուղեցույցներ, ալբոմներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ Մեծ Լուսավորչի անունը կրող բուհը մեկ դար շարունակ իր առաքելությամբ, գործունեության բովանդակությամբ, արժեբանությամբ, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կոնկրետ խնդիրներ լուծելու գործառույթ է իրականացնում։

Բուհի ղեկավարն ընդգծում է՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ձեռնարկը ևս մեկ ապացույց է այն նվիրական գործի, որ վեր է հանում այդ մարտահրավերները․ «Մշակութային արժեբանությունը դարեր շարունակ մեր ազգային ինքնության, բնավորության, հոգեկերտվածքի, հոգեբանական ռեսուրսի լռակյաց վկան է, որ դարեր շարունակ և այսօր էլ ուսուցանում է՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ ակունքներ և արժեբանություն ենք աշխարհին ներկայացնում։ Մեր ժառանգության, բազմաթիվ հուշարձանների ոչնչացումն այսօր էլ շարունակվում է․ մենք այդ իրականության ականատեսն ենք»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց՝ ազգային ինքության երեք հիմնական բաղադրիչների՝ պատմության, մշակույթի, լեզվի պահպանման գործում, սոցիալական ձեռագրաբանության առումով կարևոր առաքելություն ունի նաև լսարանում ներկաներից յուրաքանչյուրը։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, կարևորելով կառույցի հետ երկարամյա համագործակցությունը, նկատում է՝ Հիմնադրամը հսկայական դերակատարում ունի հայկական մշակույթի, պատմության, ոչնչացվող ժառանգության ուսումնասիրման առումով՝ ընդգրկելով նաև պատմական Հայաստանի տարածքներն ու այն վայրերը, որտեղ կա գեթ մեկ հայկական հուշարձան։

Պատմաբանն ընդգծում է՝ կառույցը, հիմնադրման օրից գործում է նվիրյալների շնորհիվ՝ Արմեն Հախնազարյան, Սամվել Կարապետյան, Րաֆֆի Քորթոշյան․մարդիկ, որոնք փրկում են, մեր ժողովրդին վերադարձնում պատմական ժառանգությունն ու հիշողությունը․«Հույս ունեմ, որ նվիրաբերված գրքերը չեն մնա գրապահոցներում, այլ ուսանողների, դասախոսների համար կծառայեն որպես հետազոտության նյութ»,-հավելեց դեկանը։

Էդգար Հովհաննիսյանը, բարձր գնահատելով կառույցի հիմնադիրներից Սամվել Կարապետյանի ազգանվեր գործունեությունը, խոստովանում է՝ անհնար էր նրանից չվարակվել անուղղելի հայրենասիրությամբ․նա չէր սիրում, այլ պաշտում և ապրում էր հայրենիքով։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը վստահ է՝ բուհի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերի շնորհիվ գրքերը կգտնեն իրենց ընթերցողին․ Մանկավարժական համալսարանը 100-ամյա կրթության տաճար է։

Ի դեպ, տարին հոբելյանական է նաև Հիմնադրամի համար․ներկայացնելով կառույցի 40-ամյա գործունեությունը՝ բանախոսն ընդգծեց՝ ի սկզբանե նպատակ են ունեցել թեկուզ թղթի վրա, բայց փրկել ոչնչացվող հայկական հուշարձանները։

Նվիրաբերած գրքերի շարքում է նաև «Հայաստանի պատմություն» 6 մասից բաղկացած գրքաշարը՝ Մեծ Հայքի քարտեզով, գավառների մասին պատմող, որն ըստ Սամվել Կարապետյանի, Հիմնադրամի դարի գործն է։

«Հայ մշակույթի միակ պահապանը հայն է, ով գտնվում է իր բնօրրանում»,-ասում է Րաֆֆի Քորթոշյանն ու հույս հայտնում, որ մի օր հայի սերունդներն իրենց բարեխիղճ աշխատանքով կկարողանան հետ բերել կորցրածը։

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, որը ժամանակին եղել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար, ծանոթ է հիմնադրամի կարևոր առաքելությանը։ Նկատում է՝ մեր թշնամինները չեն հանդուրժում այն, ինչ ունի հայը՝ խաչքարեր, զինանշաններ և այլն։

Տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացնում է, որ գրադարանում մինչ այս էլ կային հատորներ, հասանելի էին նաև էլեկետրոնային շտեմարանները․ վստահ է՝ նվիրաբերված գրքերը կհետաքրքրեն և կծառայեն բուհի ընթերցողներին։

«Սամվել Կարապետյանն իր ապրած կյանքով և ստեղծած գրքերով ազդում է ցանկացած մարդու սոցիալական ձեռագրաբանության վրա։ Նա սովորեցնում է ճիշտ քայլել հայրենիքով, վայելել ամեն քարն ու թուփը, կրթվել, մաքրվել, դաստիարակել և դաստիարակվել»,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն ու հավելեց՝ Րաֆֆի Քորթոշյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, շարունակում է անվանի հուշարձանագետի և մեծ հայրենասերի նվիրական գործը։