ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2025
Ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Մանկավարժական համալսարանը միացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման երթին:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և 57 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները, ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

«Չդատապարտված ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ», «ՈՉ մարդկության դեմ իրականցրած բոլոր տեսակի հանցագործություններին», «Ճանաչում, դատապարտում հատուցում», «Ո´չ թուրքական ժխտողականությանը», «Ո´չ մշակութային եղեռնին», «Ապրիլը նաև վերածննդի ամիս է»․Ցեղասպանությունը դատապարտող եռալեզու պաստառներով աբովյանականների պահանջը նույնն է՝ կոչ անել աշխարհին ընդունել նախորդ դարասկզբի եղելությունը, Թուրքիային՝ ճանաչել հայերի նկատմամբ կատարած հանցանքը, վերականգնել պատմական արդարությունը։

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ ցեղասապանության թեման, երևույթն, առհասարակ, իր արդիականությունն այսօր էլ չի կորցնում․դա մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը չպետք է մոռացության տան ոչ մասնագետները, ոչ համաշխարհային հանրությունը․ «Մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ․ դրանք մշտապես պետք է ուսումնասիրել, լուսաբանել՝ կանխարգելելու հետագա նմանատիպ գործողությունները։ Թվում է՝ 110 տարի անց Հայոց Ցեղասպանությունը, որը պատմական փաստ է, կարելի է թողնել պատմաբանների ուսումնասիրությանը, սակայն, այսօր էլ տարբեր ձևաչափերով իրականացվում են ցեղասպանական գործողություններ՝ Արցախի էթնիկ զտումները, անհանդուրժողական քաղաքականությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դրա վառ օրինակն է»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց դեկանը։

Պատմաբանը ընդգծում է՝ թեպետ աշխարհի երեք տասնյակից ավելի երկիր և տասնյակ կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն այն իր վերջնական ճանաչմանը չի հասել, չի դատարապրտվել, չի հատուցվել։ Ըստ նրա, այս ամբողջ շղթայի իրագործման դեպքում միայն հնարավոր կլինի փոխել շեշտադրումները, իսկ մինչ այդ, մենք խնդիր ունենք հիշելու, ոգեկոչելու, խոսելու, քննարկելու և աշխարհին որպես պատմական փաստ ցույց տալու, որ դասեր քաղեն և զգոն լինեն 21-րդ դարում և հաջորդ տասնամյականերում այդ մեթոդաբանությամբ մարդկանց և ժողովուրդների ոչնչացումից խուսափելու համար․ «Ցեղասպանության ճանաչումը մեծ քաղաքականություն է․ այսօր աշխարհն ու ուժեղներն առաջնորդվում են շահով և ոչ արդարությամբ։ Մենք պետք է լինենք պահանջատեր և շարունակենք մեր օրակարգում պահել այս խնդիրը՝ ոչ միայն արդարության վերականգնման, նոր ցեղասպանություններ թույլ չտալու, այլև տարածաշրջանում մեր շահերն ու հետաքրքրություններն առաջ տանելու, բանակցային ուժեղ դիրքեր ունենալու տեսանկյունից»,-հավելեց Էդգար Հովհաննիսյանը։