ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից
14.02.2018
Օլիմպիադա՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է օլիմպիադա՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից:

Երկրորդ փուլը, որին մասնակցում էին իրենց դպրոցներում 1-ին փուլը հաղթահարած ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ, անցակցվեց Մանկավարժական համալսարանում:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը վստահեցրեց, որ 2-րդ փուլի հարցաշարերը կազմել են ֆակուլտետի համապատասխան ամբիոնների՝ օլիմպիադաների անցկացման փորձ ունեցող դասախոսներ:

«Օլիմպիադաների կազմակերպման նպատակն է հայտնաբերել գիտության տվյալ ոլորտի լավագույններին, հնարավորություն տալ կատարելագործվելու և ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-նշեց Գագիկ Դեմիրխանյանն ու հավելեց, որ սա մարզաբնակ աշակերտների համար հատկապես ունի կարևորագույն նշանակություն:

Դեկանը հավելեց, որ ՀՊՄՀ-ում ներդրված Google Classroom հարթակում ընդգրկել են նաև երկրորդ փուլի մասնակից աշակերտներին՝ նպատակ ունենալով միևնույն հարթակում նրանց համար հասանելի դարձնել մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտական հարցերն ու խնդիրները, ամրապնդել բուհ-դպրոց կապը:

aspu.am-ի հետ զրույցում Գագիկ Դեմիրխանյանը վստահեցրեց, որ օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մի քանի օրից. մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ 1-10-րդ տեղերը զբաղեցրածները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բաժիններում սովորելու դեպքում կստանան ուսման վարձի զեղչ՝ 10-50 %-ի չափով: