Հայկական պետական մանկավարժական և Բեյրութի Հայկազյան համալսարանների համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայության տեղաշարժերը եւ հասարակական-քաղաքական փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցում էին ՀՊՄՀ-ի դասախոսներ, Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը, Հայկազեան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսսյանը, պատմաբաններ, ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ ինչպես Հայաստանի և Արցախի գիտակրթական հաստատություններից, այնպես էլ՝ Բեյրութից և Հունգարիայից։
Քննարկման թեմաներն էին 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած անկյունադարձային իրադարձություններից հայրենազրկումն ու Ցեղասպանությունը, Սփյուռքի ձևավորումը, հայրենադարձությունը, ներհայկական պառակտումները, սերնդափոխությունները, հայրենակերտումն ու աշխարհակարգի ձևափոխումը․ երևույթներ, որոնք անջնջելի հետք են թողել ինչպես հայ ժողովրդի ազգային մտածողության, այնպես էլ հասարակական-քաղաքական կրթամշակութային, սոցիալ-տնտեսական և հոգևոր-կրոնական կյանքում՝ հայ իրականության մեջ առաջացնելով փոխակերպումներ։
«Գիտաժողովի թեման խիստ կարևոր է ոչ միայն աշխարհում տիրող մարտահրավերներին դիմակայելու, այլև հայ ժողովրդի կյանքում գիտական կարևոր ուղղություններ ուսումնասիրելու տեսանկյունից, որոնք ունեն շարունակական և խիստ արդիական նշանակություն։ Մեկդարյա համալսարանը, պատմության ոլորտի տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող իր գիտական նվաճումներով, մեծ ներդրում է ունեցել դասավանդման նոր որակ ապահովելու և ժամանակակից մեթոդիկաներ ներդնելու տեսանկյունից»,- ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Որպես սոցիալական հոգեբան՝ պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ խմբային փոխներգործության խնդիրներն այս ժամանակահատվածում են ենթարվել հստակ փոփոխությունների։
Նա մի շարք դիտարկումներ արեց մարդկային սոցիալական խմբերի միմյանց փոխազդող դաժանությունների մասին, որոնցով պայմանավորված են նաև փոխակերպումները, անդրադարձավ հայության պատմական տեղաշարժերին, թեմայի համատեքստում խոսեց հայապահպանության, հայոց պատմության և հայ էթնոսի խնդիրների մասին։
ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանը Հայկազյան համալսարանի ռեկտորին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով:
«Հողը պատմություն և քաղաքականություն պետք է ունենա»,- կարծում է Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանն ու, որպես լիբանանցի, փաստում՝ այս տեղաշարժերը միայն կորուստներ չեն, դրանք հաճախ նաև ձեռքբերումներ են․ «Որքան էլ ձգտենք գիտականությունը պահել և գիտական լինել, մենք ինքնության պահպահման մեջ չեզոք չենք։ Շարժվող գնացքի վրա հնարավոր չէ չեզոքություն պահպանել. դու պետք է իմանաս, թե այդ շարժի մեջ ո՞ր կայարանը գտնես»։
Պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսյանն էլ նկատում է՝ հայագիտությունը ճանաչողական գիտելիք է։ Ըստ նրա՝ պետք է գիտակցել տեղաշարժն ու փոխակերպումը, ճիշտ գնահատել անցած ուղին՝ առավելապես վերլուծելով շուրջ 30 տարի առաջ ունեցած մեծ տեղաշարժն ու համապատասխան քաղաքացու պահվածք որդեգրել, այդ թվում՝ Սփյուռքում։ «Հայկազեան հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրը խոսեց Հայկազյան համալսարանի և հայագիտական կենտրոնների հետ շուրջ 30 տարվա գործակցության մասին, գիտաժողովն էլ կարևորեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեջ հայության տեղաշարժերը ճշգրիտ գնահատելու առումով։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ համագործակցել են տարբեր երկրների գիտակրթական կառույցների հետ, հիմնել հայագիտական կենտրոններ։ Մերձավոր Արևելքում Հայկազյան հեղինակավոր հաստատության հետ, որը հայագիտության բնագավառում ունի լավագույն ավանդույթները, միայն վերջերս են գործընկերություն հաստատել։ Գիտաժողովն առաջին հիմնավոր քայլն է այդ ուղղությունը զարգացնելու ճանապարհին։
Պատմաբանը թեմայի ընտրությունը պատահական չհամարեց․ երկու բանալի բառ՝ տեղաշարժ և տեղափոխում, որոնց մեր ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում առնչվում է։ Նկատում է՝ երկու կառույցների մասնագետների հետաքրքրությունների խաչմերուկում հայտնված թեման գիտական շրջանակում առաջին անգամ է մեկտեղվում նման ձևաչափով․ արդյունքները կամփոփվեն Բեյրութում։
Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան հայկական Սփյուռքի փոխակերպման գործընթացներին, բռնի տեղահանություններին՝ որպես լեզվամշակութային արժեքների խաթարման պատճառ, Ղարաբաղյան հակամարտության համատեքստում փախստականների, ներքին տեղահանված անձանց և վերաբնակիչների տեղաշարժերին, հայատառ թուրքերեն գրականության ազգապահպանման-մշակութաբանական արժեքավորմանը, ուրբանիզացիան և քաղաքային կյանքի փոխակերպումներին Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին։
Միջազգային գիտաժողովի մասնակիցները ներկայացրին նաև հայերի ձուլումը և ինքնության փոխակերպումները Վրաստանում 1920-1930-ական թվականներին, տեղաշարժեր և փոխակերպումներ․տեսական քննարկումներ և այլ թեմաներով զեկույցումներ։
ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ գիտաժողովի թեման և՛ միջգիտակարգային է, և՛ նոր՝ պատմագիտության տեսանկյունից։
Պրոֆեսոր Ստեփանյանը հավելում է՝ հայ ժողովրդի պատմությունը տեղաշարժերի և փոխակերպումների պատմություն է։ Վերջինս հույս ունի, որ բարձաձայնված հարցերին գնահատականներ կտրվեն ոչ միայն պատմագիտական, այլև միջգիտակարգային տեսանկյունից, իսկ ներկայացված առաջարկները կօգնեն հասարակությանը պատրաստ լինել և կանխել հնարավոր տեղաշարժերը, փոխակերպումները, դրանց առաջացրած վտանգները։
Այս առումով, Խաչատուր Ստեփանյանը հատկապես կարևորեց Արցախի պետական համալսարանի ներկայացուցչի՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում փախստականների, ներքին տեղահանված անձանց և վերաբնակիչների տեղաշարժերի մասին զեկույցը, ինչպես առկա փաստն արձանագրելու, այնպես էլ ճիշտ որոշումներ կայացնելու տեսանկյունից․«Մենք ունենք գիտական կապիտալը քաղաքականի վերածելու խնդիր»,-ամփոփեց նա։
«Հայության տեղաշարժերը եւ հասարակական-քաղաքական փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։