Օգոստոսի 15-ից Արցախի հանրակրթական ուսումնական հաստատություններից 10 ուսուցիչ Մանկավարժական համալսարանում կմասնակցի որակավորման բարձրացման դասընթացի։
«Ռուսաց լեզու» առարկայից մեկշաբաթյա դասընթացն անցկացնում է ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիյա Բալասանյանը։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ընդգծում է՝ բուհը 2011 թվականից ընդգրկված է հերթական/պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, իսկ վերջին տարիներին վերապատրաստումներ կազմակերպվում են նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար։
Մարիամ Իսպիրյանը նկատում է՝ արցախցի ուսուցիչները կատարում են պատասխանատու և դժվար աշխատանք, ունեն կարևոր առաքելություն՝ աշակերտներին, ուսանողներին սովորեցնելու ռուսերեն, փոխանցելու լեզվի նկատմամբ ունեցած սերը․«Շնորհակալ ենք, որ դժվարին ժամանակներում ուժ ու եռանդ եք գտել, եկել եք վերապատրաստվելու, զինվելու նոր գիտելիքներով, փոխանակվելու փորձով։ Սովորելը շարունակական գործընթաց է․ իսկ գիտելիքը՝ աշխարհը, մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնելու կարևոր պայման»։
Դոցենտ Լիլիյա Բալասանյանը հավաստիացնում է՝ Մանկավարժականը ջերմ բուհ է․ պատրաստակամ են որակավորման գործընթացում աջակցել ուսուցիչներին, որոնցից լավագույններն աշխատում են նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում։
Անդրադառնալով ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը, Լիլիյա Բալասանյանը նշեց՝ այսօրվա անհանգիստ աշխարհում լեզուն միակ արժեքավոր զենքն է, որի շնորհիվ հնարավոր է «խոսել» միմյանց հետ, լուծել կարևորագույն խնդիրներ։