ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Որակավորման դասընթացներ՝ պրոֆեսոր Էդուարդ Բարսեղյանից
16.10.2023
Որակավորման դասընթացներ՝ պրոֆեսոր Էդուարդ Բարսեղյանից

Մանկավարժական համալսարանում եռօրյա դասախոսություններով հանդես եկավ հնաբան-երաժշտագետ, դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Բարսեղյանը։ Նա նաև Փարիզի Արարատ միջազգային ակադեմիայի և Օքսֆորդի գիտակրթական միության ֆունդամենտալ ուսուցման համալսարանի պատվավոր անդամ է։

«Հայ երաժշտության հնագույն ակունքներ» թեմայով վերաորակավորման դասընթացը նվիրված էր երաժշտահնաբանության դասընթացի հիմնադրման 40-ամյակին․ նպատակը՝ լայն հանրությանը, այդ թվում՝ մատաղ սերնդին ծանոթացնելն էր ազգային հնագույն գործիքներին, դրանց ծագումնաբանությանը։

Երաժշտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արա Գևորգյանը կարևորում է նախաձեռնությունը՝ ազգային արժեքները ճանաչելու, գիտելիքներ փոխանցելու և պահպանելու տեսանկյունից։

Արա Գևորգյանը նկատում է՝ պրոֆեոր Էդուարդ Բարսեղյանն ուսումնասիրում է Լուվրի հնագույն պատմական նմուշները և գիտականորեն ապացուցում երաժշտական գործիքների հայկական լինելը, միաժամանակ համեմատելով Մատենադարանի ձեռագրերի և մանրանկարչության մեջ օգտագործվող գործիքների ու դրանց ծագումնաբանության հետ․ «Սրանք գիտական հանդիպումներ են՝ միտված ուսանողների գիտելիքների զարգացմանն ու հարստացմանը»,-նշեց Արա Գևորգյանն ու հավելեց՝ պրոֆեսոր Բարսեղյանը փայլուն երաժիշտ է, շեփորահար, որը կատարում է նաև ազգային ստեղծագործություններ և դրանք հանրայնացնում Ֆրանսիայում։

Ի դեպ, Էդուարդ Բարսեղյանը 1980-ական թվականներին դասավանդել է նաև Մանկավարժական համալսարանում։

Պրոֆեսորը կարծում է, որ դժվար և ճգնաժամային իրականությունը հաղթահարելու միջոցներից մեկն էլ գիտությունն է․ այսօրվա հիբրիդային պատերազմում խլում են ոչ միայն մեր տարածքները, այլև մշակույթը, երաժշտությունը․«Ուսանողներին պետք է ցույց տալ պատմության խորությունը, ապա՝ ինչ հիշատակումներ կան նվագարանների մասին։ Ես ապրում եմ Փարիզում, բայց ցանկանում եմ բոլոր ջանքերս ուղղել Հայաստանին։ Պետք են հետնորդներ, իմ մասնագիտությամբ ու գիտելիքներով հետաքրքրվողներ»,-նշեց նա։

Նշենք, որ դասախոսությունների ավարտին մասնակիցների համար կանցկացվի քննություն-թեստ․ լավագույնները հնարավորություն կունենան ուսումը հեռավար շարունակել Օքսֆորդի գիտակրթական միության ֆունդամենտալ ուսուցման համալսարանում։