ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օրինագիծը քննարկվեց, առաջարկությունները կներկայացվեն նախարարություն
01.10.2019
Օրինագիծը քննարկվեց, առաջարկությունները կներկայացվեն նախարարություն

Մանկավարժական համալսարանում բաց քննարկման ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը հանգամանորեն ներկայացրեց օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ ընդգծելով տարբեր հոդվածներում առկա թերություններն ու բացթողումները՝ կրկնություններ, հակասություններ, հստակեցնելու ենթակա ձևակերպումներ: Պրոռեկտորի նկատառումները բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններին վերաբերող հատվածում տեղ գտած բացթողումների, բուհի կառավարման խորհրդի ձևավորմանը, գիտական խորհրդի, դեկանների նշանակման, առցանց ուսուցման չհստակեցված ձևակերպումների և այլ հարցերի մասին էր:

Մհեր Մելիք-Բախշյանը նկատեց, որ ակադեմիական ազնվության մասին նախագծում չկա որևէ դրույթ, հոդված, դեկաններին էլ պետք է նշանակի ռեկտորը, ըստ նախագծի: Մինչ այժմ դեկանի պաշտոնը ընտրովի է, որն ավելի ժողովրդավարական և օբյեկտիվ մոտեցում է: Պրոռեկտորը շեշտեց որոշ դրույթների հակասությունը ՀՀ լեզվի մասին և այլ օրենքներին, ապա հավելեց՝ ներկա նախագիծը ենթադրում է մի շարք այլ օրենքների լրամշակում, հակառակ դեպքում հակասություններն անխուսափելի կլինեն:

Օրինագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ իր նկատառումներն ու առաջարկությունները ներկայացրեց նաև ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Նա փաստեց, որ նախագծի «Ընդհանուր դրույթներ» բաժնում ներկայացված «Օրենքի կարգավորման առարկան և նպատակը» թերի է, նրա կարծիքով՝ նպատակը պետք է լինի ավելի ընդհանրացված և ընդգրկուն: Պրոռեկտորը խոսեց նաև ակադեմիական ազնվության ՝ որպես բուհի կարևորագույն բաղադրիչներից մեկի մասին, ինչը որևէ կերպ արտացոլված չէ նախագծում: Միաժամանակ, ներառված չէ դիպլոմավորված մասնագետ եզրույթը՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար, հեռավար ուսուցման ձևակերպումը հստակեցման կարիք ունի, չեն նշված դրա իրականացման մեխանիզմները, «մասնավոր ուսումնական հաստատությունները» պետք է փոխարինել «ոչ պետական» ձևակերպումով: Անձնական տվյալների հավաքագրմանը վերաբերող հատվածի ձևակերպումը նպատակահարմար գտավ համապատասխանեցնել ՀՀ Սամանադրությանը: Ինչ վերաբերում է «գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանը»՝ այստեղ պետք է ներկայացնել արժեքի սահմանումը, թերի են «արտաքին և ներքին որակի» ձևակերպումները, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող մասը խմբագրման կարիք ունի, իսկ որ ամենակարևորն է, ՀՀ ՙԲարձրագույն կրթության և գիտության մասին՚ օրենքի նախագծի նպատակների մեջ պետք է հատուկ նշել ազգային կրթությամբ մասնագետների պատրաստման մասին, ինչը բացակայում է:

Օրենքի նախագծում ներառված ֆինանսական ձևակերպումների շուրջ իր մտահոգությունները ներկայացրեց նաև համալասարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը։

Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, նաև հանդես եկան առաջարկություններով:

«Բնական է, որ օրենքները պետք է անընդհատ նորացվեն, բայց դրանք պետք է բխեն ազգային շահերից»,-ասաց պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, պնդելով, որ Հայոց լեզուն, Հայ գրականությունը և Հայոց պատմությունը որպես ուսուցման պարտադիր առարկաներ պետք է անցնեն բոլոր ֆակուլտետներում:

Պրոֆեսորն իր մտահոգությունը հայտնեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի, գիտնականների աշխատանքի տարիքային սահմանափակման մասին՝ հիշեցնելով տարբեր երկրներում այդ տարիքի գիտական ներուժի հանդեպ հատուկ վերաբերմունքը: Տարիքային սահմանափակումը աշխատող մարդու համար անհատի շահերի հանդեպ ոտնձգություն է:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոլուխանյանը ճիշտ չի համարում նաև գիտությունների թեկնածուին և դոկտորի աստիճանի աստիճանի արհեստական հավասարեցման հանգամանքը. ՙդոկտորները օրուգիշեր աշխատում են, մեծ նորություն են բերում գիտության մեջ, հետևաբար գիտական երկու աստիճանների հավասարեցումը կբերի նրան, որ կկորցնենք մեր գիտական ողջ ներուժը՚,- ասաց նա:

Բազմաթիվ ձեռնարկների, մենագրությունների հեղինակ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը բավականին խիստ քննադատեց նախագծում բուհի կառավարման խորհրդի ձևավորման և դասախոսի տարիքային սահմանափակման վերաբերյալ դրույթները: ՙԱյսօր բոլորից շատ հենց թոշակառուները սոցիալականացման խնդիր ունեն՚, -ասաց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանն ու ավելացրեց, որ ինքը 63 տարեկանից հետո 9 մենագրություն է գրել:

«Նախագծում նշված է, որ ռեկտորը չի կարող լինել գիտական խորհրդի նախագահ, բուհի կառավարման խորհրդի կազմում բուհից ընդամենը 6 անդամ է ընդգրկվելու այն դեպքում, երբ հենց նրանք են մասնակցում բուհի կառավարմանն ու իրականացնում բուհի գործունեությունը, հենց նրանք են ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատության ռազմավարական ծրագիրը: Իսկ ո՞ւր է ինքնավարությունը, ինչի՞ համար է այդքան միջամտությունը»,- ամփոփեց բանախոսը, վստահեցնելով, որ օրենքի նախագծում բավականին թյուրըմբռնումներ կան, և որ այն շտկելու համար պետք է աշխատի իրավազեկ հանձնաժողով:

Քննարկումն ամփոփեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Չխոսելով առանձին դրույթների ու հոդվածների մասին՝ նա անդրադարձավ սկզբունքներին: «Յուրաքանչյուր երկիր ունի կրթական համակարգի իր առանձնահատկությունները, բնականաբար, և ակադեմիական ազատությունը: Պետք է բացառենք մերժող հոդվածները, որոնք սահմանափակում են դասավանդող անձին»,-ասաց ռեկտորը:
Նա հստակ արտահայտեց իր վերաբերմունքը՝ պետք է բացառվեն բոլոր տեսակի տարիքային սահմանափակումները, ցանկացած ուսումնական հաստատություն պետք է ունենա հոգաբարձուների խորհուրդ՝ վերահսկելու հիմնականում իր արած ներդրումների՝ ֆինանսական միջոցների ծախսերը, բուհի կառավարման խորհրդի բոլոր անդամները պետք է հավասար լինեն և այլն:

«Չի կարելի օրենքը հարմարեցնել այս կամ այն հաստատության շահերին՝ ելնելով ղեկավարման նպատակից»,-ամփոփեց բուհի ղեկավարը:
Առաջիկայում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի առաջարկություններն էլեկտրոնային կարգով կտեղադրվեն բուհի կայքում և կներկայացվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: