ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Փանոս Թերլեմեզյան.Կյանքիս հուշեր»
23.05.2017
«Փանոս Թերլեմեզյան.Կյանքիս հուշեր»

«Վանը մեր պատմության մշակութային օրրան էր, ազգային հարստությունների սկզբնաղբյուրն ու գանձը: Երբ կացնահարվեց այն, փշրվեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի ողնասյունը: Մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանն այդ շառավղի երկարացումն է, ով մինչ օրս ճանաչված էր իբր տաղանդավոր նկարիչ, իսկ այսօր նաև հայտնագործություն էր նրա՝ գեղարվեստական հուշագրություններ մշակող և տաղանդավոր գրող լինելը»,-այսօր Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացած «Փանոս Թերլեմեզյան.Կյանքիս հուշեր» գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Երվանդ Ազատյանը:

Վերջինս նկատեց, որ նկարչի հուշերում ներկայացված է նաև այն տառապանք ու փորձանքը, որ մեր ժողովուրդը կրել է Եղեռնի և հետագա տարիների ընթացքում:

«Թեքեյան» մշակութային միության հրատարակած գիրքը կազմել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՊՄՀ-ի դասախոս  Հակոբ Ավետիքյանը, առաջաբանն ու ծանոթագրությունները բանասեր, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատուրյանիննէ:

Գրամշակութային ցերեկույթին ներկա էր  Հայաստանի գրողների միության նախագահը, «Թեքեյան» մշակութային միության տարբեր մասնաճյուղերի ղեկավարներ, գրականագետներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը,  հյուրեր, ուսանողներ:

«1941 թվականին ավարտած և Ազգային պատկերասրահում պահվող նկարչի հուշագրությունը, որն ամփոփված է գրքում, հետաքրքրական է ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլև ուսումնասիրման կարևոր աղբյուր է պատմաբանների, ազգագրագետների, երաժշտագետների համար»,-ընդգծելով գրքի կարևորությունը՝ նշեց Հակոբ Ավետիքյանը:

«Փանոս Թերլեմեզյան.Կյանքիս հուշեր» գրքի բնագիրը հրատարակության պատրաստած գրականագետ Երվանդ Տեր-Խաչատուրյանի դիտարկմամբ մեզանում հուշագրային գրականությունը քիչ է, աղքատիկ, դրա հանդեպ լուրջ վերաբերմունք էլ չկա. փաստերի անհամապատասխանություն և անճշգրտություն կա:

Շնորհանդեսին գականագետը խոսեց գրքի ստեղծման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին, նկատելով, որ ձեռագիրը խունացած էր, մատիտով գրված, տեղ-տեղ նաև գունաթափ, սակայն այն վերծանվեց, գրվեց առաջաբանն ու ծանոթագրությունները.«Փանոս Թերլեմեզյանի հուշերն անկեղծ են, մարդու հոգով ու սրտով գրված: Հուշագրությունը մի շարք արժանիքներ ունի. դրանում նկարչի անձը շատ քիչ տեղ է գրավում, խոսվում է Վանի կյանքի, բարքերի, կենցաղի, սովորությունների մասին: Երկրորդ կարևոր գիծն անկեղծությունն է. նույնիսկ աշխարհի լավագույն խոստովանություններն այսքան ազնիվ չեն»:

Մեծանուն նկարչին նվիրված ցերեկույթը «Սփյուռք» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը կարևորեց իբրև մշակութային մեծ իրադարձություն:

Պրոֆեսորը նկատեց՝ մեծերը, անցյալի հուշերը կամաց-կամաց աղոտանում են մեր պատմական հիշողության մեջ, այնինչ չպետք է մոռանալ, որ վանեցի մեծ նկարիչը արևելահայ և արմտահայ գրականության աշխարհներում հրաշալի կամուրջ էր և ուներ իր ուրույն դերը:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն արդեն ընթերցել է գիրքը: Նրա կարծիքով՝ գեղարվեստական վավերագրության ժանրը հարստացավ ևս մեկ գրքով, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև լեզվաբանների համար.«Գրքում տեղ գտած լեզվական պոռթկումները, գեղեցիկ նկարագրություններն արժանի են խորը ուսումնասիրության. պետք է կարդալ և արժևորել այս գրական հուշագրությունը»:

«Ինչու՞ են գրվում հուշագրությունները» հարցին Աշոտ Գալստյանը պատասխանում է՝ հուշերը գրվում են հոգու ջերմությունից ընթերցողներին որոշակի կայծեր փոխանցելու համար. «Այն հուշագիրները, ովքեր կյանքի մայրամուտին կարողանում են իրենց մտքերը ներկայացնել ճերմակ թղթին, կարծես խաղաղվում են: Վստահ եմ, որ նորանոր հոդվածներ կգրվեն՝ հիմք ունենալով սույն հուշագրությունը»,-նշեց ֆակուլտետի դեկանը:

Վերջինս անդրադառնալով հուշագրության ժանրային առանձնահատկություններին՝ հավելեց, որ մեծ նկարիչն իր հուշերը կարողացել է անցկացնել իր մտքի պրիզմայով և յուրօրինակ ձևով հասցնել ընթերցողներին: