Այսօր Մանկավարժական համալսարանում բացվեց Փափուկ հմտությունների լաբորատորիա․կարմիր ժապավենը կտրեցին բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։
Կրթական միջավայրը ստեղծվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Desire ծրագրի շրջանակներում, որում ներգրավված է նաև ՀՊՄՀ-ն։
Նախագծի նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է՝ կապված փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը վստահ է՝ տեխնիկապես և անհրաժեշտ գրականությամբ հագեցած լաբորատորիան կծառայի իր նպատակին։ Ըստ նրա, Desire ծրագրի շրջանակներում հայաստանյան և վրացական մի շարք բուհեր ինտենսիվ աշխատում են մշակելու մոդուլներ, ներդնելու ընտրովի դասընթացներ՝ ուսանողների «փափուկ» հմտությունների կատարելագործման և զարգացման համար:
Հարմարվողականություն, քննադատական և ստեղծագործական մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցման հմտություններ, ժամանակի կառավարում․բացմանը ներկա ուսանողները թվարկեցին «փափուկ» հմտություններից մի քանիսը, ինչին ի պատասխան Մարիաննա Հարությունյանը կարևորեց մանկավարժի գործունեության համար ինչպես հիմնարար մասնագիտական գիտելիքները, այնպես էլ այդ հմտություններին տիրապետելը։