ՀՊՄՀ-ում կայացավ Մանկավարժության համահամալսարանական ամբիոնի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, դպրոցների տնօրեններ, շրջանավարտ-ուսուցիչներ, որոնք մշտապես աջակցում են ամբիոնի աշխատանքներին:
Օրակարգում նաև բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևատրումներն էին։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պագրատրեց դոցենտներ Սուսաննա Սիսյանին, Գայանե Աղուզումցյանին և Հակոբ Թադևոսյանին։
Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար՝ ամբիոնի դասախոսներն արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։
Ռեկտոր Գևորգյանը նկատում է՝ ամբիոնը, որ կանգնած է բուհի ստեղծման ակունքներում, առանցքային նշանակությունի ունի․ 100 տարի շարունակ սովորեցնում է սովորեցնել, գործառույթներով, բանիմաց մասնագետներով կատարում իր առաքելությունն ու ազգանպաստ գործունեությունը․«Ժամանակները, կրթության մեթոդներն ու հայեցակարգերը տարբեր են եղել, սակայն առաքելությունը նույնն է մնացել՝ ազգապահպան գործունեություն։ Ամփոփելով մեկդարյա պատմությունը՝ ունենք արդյունքներ, կարող ենք խոսել իրականացրած աշխատանքների, եղած խնդիրների և նոր մարտահրավերների մասին, որտեղ կրկին առաջնային է ամբիոնի դերակատարումը»,-նշեց ռեկտորն ու հավելեց՝ ծանր է ամբիոնի առաքելությունը․ բուհի նոր հարյուրամյակում անհրաժեշտ է ունենալ մանկավարժագիտության տեսլականը, որի ներքո իրականացվելու է նախադպրոցական, հանրակրթության, բարձրագույն մանկավարժության ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը։
Ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ամբիոնի նկատմամբ ունեցած ամենօրյա հոգատարության, կամեցողության, յուրաքանչյուր դասախոսի կողքին լինելու և գնահատելու համար:
Աիդա Թոփուզյանն ընդգծեց՝ բուհի ստեղծման օրից մանկավարժության ոլորտի համար գիտական կադրերի պատրաստման գործում նշանակալից դեր են ունեցել ամբիոնի երախտավորները։
Ամփոփելով ՀՊՄՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները՝ պրոֆեսորը ներկայացրեց ամբիոնի ձևավորման պատմությունը, անդրադարձավ գերակա հիմնախնդիրներին, կարևորելով մանկավարժության մարտահրավերներին և դրանց լուծմանը միտված գիտաժողովների ու ձեռնարկների անցկացումը։
Աիդա Թոփուզյանն ընդգծեց՝ քննարկվող թեմաները եղել են արդիական և միտված՝ մանկավարժության մարտահրավերներին, մանկության ժամանակակից հիմնախնդիրներին, կրթության որակի չափմանն ու գնահատմանը։
Ի նշան սիրո և հարգանքի՝ պրոֆեսոր Թոփուզյանը ռեկտորին շնորհեց «Հովսեփ Օրբելու» հուշամեդալ, ընդգծելով՝ մեր երկրի համար ամենադժվար տարիներին Օրբելին կարողացավ կազակերպել և փրկել համաշխարհային քաղաքակրթության ժառանգության մասունքները։
Նիստի ընթացքում Աիդա Թոփուզյանը հայտարարեց «Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով համահամալսարանական ուսանող-դասախոս միասնական նախագծերի մրցույթի անցկացման մասին։
Պրոֆեսորն ընդգծեց՝ մրցույթի նպատակն է հարստացնել հայ մանկավարժության պատմությունը, ուսումնասիրել և ներկայացնել արևմտահայ կրթօջախների և մտավորականության հայապահպան գործունեությունը, ապահովել ուսանող-դասախոս համագործակցությունը՝ գիտելիք ստեղծելու ճանապարհին:
Ամբիոնի նիստն ամփոփվեց Երևանի համար 104 հիմնական դպրոցի սաների և ուսուցչական կազմի շնորհավորական ուղերձներով․ ի դեպ, ուսուցիչների գերակշիռ մասը բուհի տարբեր տարիների շրջանավարտներ են։