Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորներ Ֆաենբերգ Սարգսյանին և Յուրի Յուզբաշյանին։
Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Արա Հակոբյանը, Անուշ Եղիազարյանը, Վարդիթեր Գամաղելյանը, Սարգիս Էլբակյանը։
Մասնագիտական գործունեության բարեխիղճ ու արդյունավետ կատարման համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևարտրվեցին Արթուր Մարտիրոսյանը, Արտաշես Քեշիշյանը, Մելքոն Ավետիսյանը, Սամվել Կարապետյանը, Միսակ Մելքոնյանը, Աղվան Մխիթարյանը, Վյաչեսլավ Եդիգարյանն ու Արտաշես Բաբուրյանը։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։
Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց ֆակուլտետի ավանդը՝ ընդգծելով՝ դրա յուրահատկությունը:Այն տարատեսակ ձեռնարկներով ոչ միայն ոգեշնչում, այլև իր կիրառական դրսևորումն է ունենում ուսանողներին կրթելու և դաստիարակելու գործում․«Դուք ձեր արվեստով շարունակում եք հայ ինքնության դրսևորման հետագիծը, և դա անում եք ձեր ստեղծագործական, մեթոդական, կրթադաստիարակչական գործունեությամբ։ Արվեստը նաև նպաստում է անձի ձևավորմանն ու կրթությանը․ձեզ բնորոշ ստեղծագործական ներուժով դուք ամեն անգամ նոր որակ եք պարգևում»։
Ռեկտոր Գևորգյանը նկատեց՝ ՀՀ-ում արվեստի ոլորտի լավագույն մասնագետներն այսօր դասավանդում են հենց այս ֆակուլտետում։ Մեծ է նրանց վաստակը՝ արվեստագետների, մշակույթի ոլորտի նոր սերնդի ձևավորման և կայացման գործում։
Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն էլ ընդգծում է՝ ներկաներից յուրաքանչյուրը կրթական ոլորտի նվիրյալ է։ Աշխատում են սիրով, ստեղծագործում միասին և փորձում գեղեցիկը փոխանցել սերնդեսերունդ։ Պրոֆեսոր Հակոբյանը նկատում է՝ 100-ամյակը թեպետ սիմվոլիկ է, բայցև պետք է արժևորել․ եվրոպական մի շարք երկրների առաջատար բուհեր հպարտանում են ոչ թե պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների քանակով, այլ իրենց բուհերի ստեղծման տարեթվով․«Մենք պետք է հպարտանանք․ գնահատելի տարիք է․ պետք է գուրգուրենք, պահենք բուհը՝ իր ավանդույթներով և փորձենք դրանք նորովի փոխանցել հաջորդ սերունդներին»։
Պարգևատրման արարողությունն ուղեկցվեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գիտամեթոդական ձեռնարկների ցուցադրությամբ։