ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվեցին ֆիզմաթ ոլորտի ներկայացուցիչները
12.12.2022
Պարգևատրվեցին ֆիզմաթ ոլորտի ներկայացուցիչները

Գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Համլետ Միքայելյանին գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհեց բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ։

Բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Տիգրան Այվազյանը, Ալեքսանդր Ղուշչյանը, Գուրգեն Ղուլղազարյանը, դոցենտներ Արթուր Թադևոսյանն ու Սամվել Ասատրյանը։

Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար ֆակուլտետի մի խումբ դասախոսներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր խոսքում ընդգծեց՝ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունի բուհի կյանքում․ այսօր էլ կան  գիտնականներ, որոնք բնագիտության  ոլորտում շարունակում են նախորդների լավագույն ավանդույթները:

Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ ոլորտում խնդիրները շատ են․դրանք համընդհանուր են և անմիջական կապ ունեն նաև դպրոցի հետ։ Լիահույս է՝ համալսարանի՝ Կառավարությանը ներկայացրած ծրագրերը,  իրենց արդյունավետությամբ, ապագայում կլուծեն մի շարք առաջնահերթություններ, որոնք անմիջական կապ ունեն ոլորտի մասնագետների զարգացման  և որակական կարողությունների հետ․ «Ֆիզիկան,  մաթեմատիկան  գիտական այն ոլորտներն են, որոնցով նաև պայմանավորված են անհատի  տրամաբանության, մտածելակերպի, դատողությունների զարգացումը․ սոցիալականացման մի շարք խնդիրներ, որոնք ուժեղ դպրոց ունենալու կարևոր գրավականն են։ Այս տրամաբանության մեջ՝   դասավանդման մեթոդներն ու ուղիները պետք է հստակ լինեն և չափելի, իսկ բուհի թիվ մեկ խնդիրը պետք է լինի  մանկավարժության զարգացման նոր տեսլականի և  դասավանդման մեթոդիկայի ուժեղացումը»,- նշեց ռեկտորը։

Սրբուհի Գևորգյանը հավելեց՝ ֆակուլտետը մշտապես առանձնացել է վերլուծական կարողություններով օժտված վառ անհատականություններով, որոնք  իրենց գործունեությամբ պատիվ կբերեին ցանկացած բուհի գիտական ներուժին․« Ոլորտի  մի շարք խնդիրներ լուծվելու են հենց ֆիզիկա-մաթեմատիկական ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ․որակական այդ  փոփոխություններն իրենց արտահայտությունը կգտնեն նաև  դպրոցում»։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը նկատում է՝ բուհի հիմնադրումից 12 տարի անց ձևավորված ֆակուլտետը, իսկապես, նվիրյալների պակաս չունի։

Բնագիտության ոլորտում առկա խնդիրներն էլ  համապետական է համարում․  ոլորտի  զարգացումը տարբեր պատճառներով ժամանակի ընթացքում  հետին պլան մղվեց։

Վստահ է՝ ֆակուլտետի գիտակրթական և  դասախոսական ներուժի շնորհիվ բնագիտության ոլորտում զարգացման լուսավոր օրեր դեռ կլինեն։