Մանկավարժական համալսարանի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևատրումները շարունակվում են։
Գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար այսօր ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվեց Տնտեսագիտության և կառավարման համահամալսարանական ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մասնագիտական գործունեության բարեխիղճ և արդյունավետ կատարման համար պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ամբիոնի դասախոսական կազմի ներկայացուցիչներին։
«Համահամալսարանական ամբիոններն անմասն չեն բուհի կրթական գործընթացներից․ յուրքանչյուրը, խնդիրների լուծման իր տիրույթում, ապահովում է ՀՀ-ի բարձրագույն բուհական համակարգում բարձրագույն մանկավարժական կրթության, հանրակրթության հետ տարվող աշխատանքների մի շարք խնդիրների լուծման որակական փոփոխություններ, որը բուհը միտված է իրականացրել իր առաքելությամբ ու գործընթացներով։ Փոփոխվում են ուսուցման մեթոդները, ներազդման տեխնոլոգիաները, նաև սերունդը․ մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած, որը պահանջում է մշակել նոր մոտեցումներ»,- նշեց ռեկտոր Գևորգյանն ու ընդգծեց՝ ամբիոնի իրականացրած կրթական ծրագրերն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհում։
Բուհի ղեկավարը կարծում է, որ ամբիոնն իր ձեռքբերումների որոշակի ամփոփում կանի, կանդրադառնա նաև առկա բացթողումներին, որոնց վերաբերյալ պրոֆեսորադասախոական կազմը կներկայացնի կրթության ոլորտի նոր մոտեցումներ՝ մասնագիտական կրթական ծրագրերից մինչև առարկայական նկարագրեր։
Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյան նշում է՝ հոբելյանական տարում իր ղեկավարած կառույցը ակտիվ գործունեությամբ համալրել է այն մեծ ներդրումն ու գործունեությունը, որը բուհը տարիներ շարունակ իրականացրել է մանկավարժության ոլորտի մասնագետներ պատրաստելու գործում։
Կրթական ծրագրերի շրջանակում իրակացրած տարատեսակ միջոցառումներ, հետազոտական գործունեություն, մասնակցություն գիտաժողովների և շարժունության ծրագրերի, ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրում, համագործակցություն արտերկրյա բուհերի հետ․ամբիոնի վարիչը նկատում է՝ սա իրենց հիմնական առաքելության շրջանակներում իրականացրած ծրագրերից միայն մի քանիսն են․«Դրանք իրականացվել են պրոֆեսորադասախոսական կազմի միասնական գործունեության արդյունքում։ Այս ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր դարձավ նաև բուհի ստորաբաժանումների, ֆակուլտետների հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- նշեց Ռիտա Գևորգյանն ու շնորհակալություն հայտնեց պարգևների համար, վստահեցնելով՝ գործընթացները պահանջում են շարունակականություն և նոր զարգացումներ։