ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվում են օլիմպիադաների հաղթողները
12.12.2019
Պարգևատրվում են օլիմպիադաների հաղթողները

Մանկավարժական համալսարանում ամփոփվում են տարբեր ֆակուլտետների կողմից կազմակերպվող հանրապետական օլիմպիադաները: Երևանի և մարզերի 10-12-րդ դասարանների բազմաթիվ աշակերտներ իրենց ուժերն են փորձում տարբեր առարկաներից:

Օլիմպիադա՝ «Հայոց պատմություն» առարկայից

Արդեն 5-րդ տարին անցկացվող հանրապետական օլիմպիադային այս տարի մասնակցել է 10-12-րդ դասարանների 230 աշակերտ:

Հաղթողներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը: Նա կարևորեց օլիմպիադայի անցկացումը, որով ամրապնդվում է բուհ-դպրոց կապը: Երևան քաղաքի և հանրապետության տարբեր մարզերի աշակերտներն այցելում են Մանկավարժական համալսարան, ծանոթանում բուհի պատմությանն ու մասնագիտություններին,  տեղեկանում համալսարանի, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի առավելություններին:

Ֆակուլտետի դեկանը հիշեցրեց, որ առարկայից ունեցած գիտելիքներն ու մասնակցությունը օլիմպիադային կօգնի նաև թեթևացնել ծնողների հոգսը. Մանկավարժական համալսարանում բարձրագույն  ուսումը շարունակելու դեպքում 11 և 12-րդ դասարանների 3-րդ տեղը զբաղեցրած ուսանողներին հնարավորություն կընձեռվի ուսումնառության առաջին տարվա համար օգտվել 30%, 2-րդը՝ 40%, իսկ 1-ին տեղը զբաղեցրած ուսանողները՝  50% զեղչի իրավունքից:  Ի դեպ, ուսման վարձի զեղչ կստանան 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:

Օլիմպիադա՝ «ASPU.login-2019»

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում ևս մասնակցության և ուսման վարձի զեղչի հավաստագրեր հանձնվեցին «ASPU.login-2019» մրցույթի՝  անցողիկ շեմը հաղթահարած աշակերտներին:

Մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը և վստահեցրեց՝ մրցույթի կազմակերպիչները գոհ են դպրոցականների ցուցաբերած արդյունքներից:

Աշակերտներին հանձնվեցին նվերներ, մասնակցության և ուսման վարձի զեղչի հավաստագրեր, որոնցով 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բաժիններում սովորելու դեպքում կստանան ուսման վարձի զեղչ՝ 10-50 %-ի չափով: