ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ Գիտական խորհրդի որոշմամբ արժանացան պարգևների և պատվոգրերի, որոնք հանձնեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և ՀՊՄՀ-ի հիմադրման 100-ամյակի առթիվ «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտներ Զաբելլա Զոհրաբյանը, Կիմ Սարուխանյանը, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Գոհար Հովյանը։
Գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Սպարտակ Փալիկյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռոբերտ Ազարյանն ու դոցենտ Ժաննա Պայլոզյանը։
Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ֆակուլտետի մի խումբ դասախոսներ ևս։
Պրոֆեսոր Գևորգյանը ներկաներին շնորհավորեց բուհի 100-ամյակի առթիվ, նկատելով՝ մեկդարյա հոբելյանը պատեհ առիթ է՝ ոլորտի նվիրյալների աշխատանքը մեկ անգամ ևս արժևորելու և գնահատելու համար։
Բուհի ղեկավարն ընդգծեց՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը բուհի հիմնասյուներից է․ այստեղ դասավանդում են մասնագիտական մեծ ներուժով, մանկավարժական կարողություններով և մարդկային լավագույն որակներով օժտված պրոֆեսիոնալներ, որոնք բարձր են պահում բուհի պատիվը, ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ ՀՀ համընդհանուր ներառականացման քաղաքականութունը կհաջողի, եթե հասարակությունն ինքը ներառվի գործընթացում․ այս առումով չափազանց կարևոր է ֆակուլտետի գործունեությունը, փոխներգործությունն ու ազդեցությունը․ «Մասնագիտությունն այսօր լայնածավալ ներկայացված է ինչպես կրթական, այնպես էլ կլինիկական ոլորտներում։ Ձեր պրակտիկ գործունեությամբ և նվիրյալ աշխատանքով ամրագրում եք կյանքի որակական փոփոխություններ, ժպիտներ վերադարձնում հազարավոր ընտանքիներ։ Ժամանակն է փորձառությամբ կիսվել նաև գործընկերների հետ։ Մանկավարժականում կրթություն ստացող յուրքանչյուր ուսանող պետք է տեսնի, որ կրթական ու մասնագիտականից զատ, դուք իրականացնում եք նաև մարդկային ծանր առաքելություն։ Ոլորտը ծանր է ոչ միայն գործունեության նպատակների իրագործման, այլև հասարակության ոչ համարժեք ընկալումներով պայմանավորված»,-նշեց ռեկտորն ու վստահեցրեց՝ պարգևատրումների գործընթացն այսօրով չի ավարտվի։
Ռեկտորը Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի զարգացման գործում կարևորեց դեկան Սիրանուշ Կարապետյանի դերակատարումը և շնորհակալություն հայտնեց նվիրումի համար, ինչն արժանի է հարգանքի և հատուկ վերաբերմունքի։
Սիրանուշ Կարապետյանը բուհի 100-ամյակը շրջադարձային փուլ համարեց ֆակուլտետի գործունեության համար՝ նկատելով, որ իրենք կատարում են կարևոր գործառույթ․ «Ներկաները սպասված են յուրաքանչյուրի ընտանիքում՝ որպես մանկավարժներ, հատուկ մանկավարժներ, մասնագետներ, որոնք թեկուզ փորքիկ, բայց մասնակցային բաղադրիչով կարևոր են ոլորտի կայացման գործում»։
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, որը մասնագիտական գործունեությունն իրականացնում է այս ֆակուլտետում, մաղթեց, որ 100-ամյակի առթիվ ներկաներից յուրաքանչյուրն ինքը սահմանի իր նշաձողը՝ ձևավորելով մասնագիտական կարևոր հաջողություններ։
Աշխատանքը կարևորելու և գնահատանքի արժանացնելու համար երախտագիտության խոսքեր ասացին նաև ֆակուլտետի սկզբնավորման ակունքներում կանգնած ոլորտի առաջատար մասնագետները։
Պրոֆեսոր Սպարտակ Փալիկյանը կես դար շարունակ աշխատել է Մանկավարժականում և մեծ պատիվ է համարում բուհում մասնագիտական երկարատև գործունեությունը։ Հետահայաց հիշում է՝ երազանքն էր, որ մասնագիտությունն առանձնանա, ձևավորվի ֆակուլտետ․ երջանիկ ու բաղձալի օրերն իրենց սպասեցնել չտվեցին։ Այսօր բարձրակարգ մասնագետների շնորհիվ ֆակուլտետը ճանաչված է ոչ միայն հետխորհրդային, այլև եվրոպական շատ երկրներում։
Մասնագիտական ոլորտում իր դպրոցը ստեղծած պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը ներկաներին մաղթեց, որ շարունակեն զբաղվել գիտությամբ և դրանով վարակեն նաև իրենց ուսանողներին։
Նաիրա Լութունյանն էլ ընդգծեց՝ հասարակության առողջությունը պայմանավորված է նաև այս ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքով․«Այդ ժամանակ միայն մեր հասարակությունը կլինի առողջ և լիարժեք»։