«Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարան է այցելել Չեխիայի Պարդուբիցեի համալսարանի 5 դասախոս։
Հյուրերին այսօր ընդունեց ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային հարցերի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը։ Նա ողջունեց պատվիրակության անդամներին՝ վստահեցնելով, որ չեխ գործընկերների հետ աշխատանքային հանդիպումները մշտապես սպասված են։
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի ու Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ չեխ դասախոսները քննարկեցին առաջիկա գործունեության ծրագիրը՝ ընդհուպ առողջության և վարքի խանգարումներով երեխաների հարցերով այցելություններ հայաստանյան մանկատներ։
Կողմերը գործնական և շահագրգիռ քննարկում ծավալեցին համագործակցության, այդ թվում՝ միմյանց պարբերականներում հոդվածների տպագրման, համատեղ ձեռնարկի ստեղծման և այլ հարցերի շուրջ։
Առաջիկայում ստեղծվելիք համատեղ ձեռնարկում անդրադարձ կարվի երեխաների հաշմանդամության խնդիրներին ժամանակակից ընտանիքներում․ կներկայացվի Հայաստանի և Չեխիայի ասպեկտները խնդրի շուրջ։
Ինչպես նշեց ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գոհար Հովյանը, Չեխիայի համալսարանի հետ համագործակցությունն արդեն 3 տարվա պատմություն ունի։ Բավականին հաջողված է ուսանողների փոխանակման փորձը․ մեր համալսարանի ուսանողները մեկ կիսամյակ ուսանում են Պարտուբիցեի համալսարանում, ծանոթանում չեխական կրթական համակարգի առանձնահատկություններին։ Օրեր առաջ ֆակուլտետի երեք ուսանող մեկնել է ուսանելու վերոհիշյալ համալսարանում։
«Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում այս դասախոսներն արդեն երկրորդ անգամ են այցելում բուհ։ Ծրագրի վերջնարդյունքները կհրապարակվեն ուղեցույցում»,-aspu.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Ազատյանը։
Նշենք, որ այցի ընթացքում չեխ դասախոսները ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով։