Մայիսը հայ ժողովրդի համար եղել և մնում է փառավոր հաղթանակների ամիս և ունի պատմական մեծ նշանակություն։
Այս տարի ևս աբովյանականները, ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեցին Մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի՝ միանալով հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կատարվող երթին։
Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ, ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
Մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է և նշանավորվել է 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ։
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ մայիսյան եռատոնի խորհուրդն այսօր էլ պետք է պահպանվի․այդ հաղթանակներում հայ ժողովուրդն ունեցել է իր կարևոր դերակատարումը:
Նա պատահական չի համարում, որ հաղթանակի երթն ամեն տարի մեկնարկում է հենց Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանից։ Եվ, չնայած Արցախյան երկրորդ պատերազմի ելքին, Շուշիի կորստին, որպես պատմաբան գիտի՝ պարտություններն ու հաղթանակները հաջորդում են միմյանց․ «Պարտությունից հետո հնարավոր է նոր հաղթանակ, եթե ճիշտ դասեր քաղես անցյալից, սխալներից, և վառ պահես երազանքներդ։ Պետք է արժևորել նախորդ հաղթանակները, հետևություններ անել և ճիշտ սերունդ դաստիարակել»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Էդգար Հովհաննիսյանը։
Պատմաբանը նկատեց՝ չպետք է մոռանալ նաև Արցախյան երկրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի խորհուրդը՝ վառ պահել զոհված աբովյանականների հերոսական անուններն ու նրանց սխրանքները։
«Ազգային հենքի վրա խարսխված կրթություն»,-Էդգար Հովհաննիսյանը վստահ է՝ սա է նաև գալիք հաղթանակների և եռատոնների բանալին։