ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարուսույց-մանկավարժների ավարտական քննությունը՝ առցանց
26.06.2020
Պարուսույց-մանկավարժների ավարտական քննությունը՝ առցանց

Ամեն տարի Պարարվեստի մանկավարժության առկա և հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտները ուսումնառությունն ավարտում են համերգ-քննությամբ:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի տարեվերջյան համերգին փոխարինեց հեռավար քննությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մշակույթի մեջ անհնարին ոչինչ չկա:

Այս տարի Պարարվեստի մանկավարժություն մասնագիտությունն ունեցել է առկա ուսուցման 46, հեռակա՝ 35 և մագիստրատուրայի 11 շրջանավարտ: Ապագա պարուսույց-մանկավարժներն անգամ այս իրավիճակում կարողացան ստեղծագործել, գտնել հետաքրքիր լուծումներ՝ արտահայտելով ուսումնառության ընթացքում ստացած տեսական և գործնական գիտելիքները:

Ավարտական թեզերը հիմնականում վերաբերում էին պարարվեստի հիմնախնդիրներին, իսկ տեսագրված որոշ հատվածներ քննական հանձնաժողովին ներկայացվեցին տեսաերիզներով: Կային նաև աշխատանքներ, որտեղ շրջանավարտը ներկայացնում էր պարային ողջ բեմադրությունը՝ բեմելից մինչև պարողների թիվ, նրանց դասավորությունը բեմում, պարային շարժումների նկարագրություն և այլն:

Ավարտական կուրսի ղեկավար, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը ափսոսանքով է նշում՝ դեռևս հունվարին պատրաստ էր այս ուսումնական տարվա հաշվետու համերգ-քննությունը: Այն նվիրված էր Մհեր Մկրտչյանի 90-ամյակին. ««Խոշոր շահում» ֆիլմի հիման վրա ստեղծված պարային բեմադրության մեջ ավարտական կուրսի յուրաքանչյուր ուսանող իր առանցքային դերն ուներ՝ պարային կերպարի մատուցման առանձնահատկություններով հանդերձ, որը պետք է լրացներ ամբիոնի տարեվերջյան թեմատիկ ուղղվածությամբ խորեոգրաֆիկ ներկայացումների շարքը»,-նշեց Կարեն Գևորգյանը:

Անդրադառնալով առցանց քննությունների անցկացման ձևաչափին և արդյունքներին, Կարեն Գևորգյանն ուրախությամբ է նկատում՝ գնահատականներում գերակշում էր գերազանցը. այն ոչ թե առցանց գնահատման հետևանքն է, այլ ողջ ուսումնառության ընթացքի քրտնաջան աշխատանքի արդյունքը: Նշենք, որ ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովը նախագահել է արվեստագիտության թեկնածու, պարարարվեստի տեսաբան Նաիրա Կիլիչյանը, որը ևս բարձր է գնահատել քննությանը ներկայացված աշխատանքները: