ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները»
21.10.2022
«Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները»

ՀՊՄՀ-ում մեկնարկեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ի, Արցախի, ՌԴ-ի, Ուկրաինայի գիտակրթական հաստատություններից։


ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հայ հոգեբաններին՝ մասնագիտական կարողությունները գործնակում իմի բերելու և, անկախ սրթեսային իրավիճակից, համապատասխան խմբերին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա գիտաժողովը կարևորեց գիտապրակտիկ տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ հրապարակված աշխատանքները հետագայում անհրաժեշտ օժանդակություն կլինեն հենց մասնագետների համար։

Սրբուհի Գևորգյանի դիտարկմամբ՝ պատերազմը առավելապես սոցիալ-հոգեբանական երևույթ է․ «Մենք գործ ունենք հետպատերազմյան երևույթների հետ․ կա անձ-խումբ-հասարակություն համարժեքության վերականգնման խնդիր։ Մասնագիտական գործունեություն ծավալելու տեսանկյունից հոգեբանական լուրջ հիմնավորումներ են պետք բանակում մարտական ոգին բարձրացնելու համար․սա առաջնային անհրաժեշտություն է»։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ բուհի 100-ամյա հոբելյանը նշվում է բարդ սոցիալ-քաղաքական և սոցիալ-հոգեբանական մարտահրավերների պայմաններում։  Գիտաժողովը յուրահատուկ հարթակ և հնարավորություն է՝ արդի հոգեբանական խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու տեսանկյունից։

Նա գիտաժողովի առաջնահերթ խնդիրներից համարեց նաև պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքների քննարկումը, համարժեք հոգեբանական օգնության տրամադրումն ու բնակչության հոգեբանական անվտանգության ապահովումը․«Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ, մեր գործընկերներն ահռելի աշխատանք են կատարում՝ ցուցաբերելով անհրաժեշտ հոգեբանական առաջակցություն»։

Հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը ցավով նկատեց, որ գիտաժողովի խորագիրը շարունակում է արդիական մնալ։

Նա նշեց, որ գիտաժողովի անցկացման գաղափարը ծնվել էր դեռևս 2020 թվականին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ ֆակուլտետի մի խումբ հոգեբան-մասնագետներ, տարբեր ծրագրերի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալեցին։

Նա գիտաժողովի նպատակային արդյունքներից մեկն էլ համարեց «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները» հոգեբանական հիմնախնդիրներ պարբերականի 1-ին հատորի լույսընծայումը։
Գ
իտաժողովի ընթացքում ներկայացվեցին բնակչության հոգեբանական առողջության պահպանմանն ու սոցիալ-հոգեբանական ուղեկցմանը միտված պրատիկ աշխատանքի և գիտական հետազոտությունների արդյունքները։

ԵՊՀ-ի պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանն ու ԵՊԲՀ-ի դոցենտ Վլադիմիր Գասպարյանը «Հոգեբանական ծառայության կազմակերպման և գործառույթների յուրահատկությունները 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո» զեկուցման ընթացքում ներկայացրին հոգեբանական ոլորտում առկա հիմնական մարտահրավերները։

Պրոֆեսոր Ավանեսյանը գտնում է, որ պրակտիկան ու գիտությունը պետք է իրար հետ լինեն, բայց պրակտիկան պետք է գիտական հենք ունենա։

«Էրգոթերապևտիկ միջամտության մեկնաբանումը վիրավոր զինվորների հետ իրականացվող աշխատանքում» թեման ներկայացրեց ՀՊՄՀ պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանը։

Վերջինս թեման արդիական համարեց Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով վիրավոր զինվորների թվի աճ, հրատարակված ուսումնասիրությունների և հոդվածների սակավության, վիրավոր զինվորների հետ աշխատանքում Էրգոթերապևտիկ միջամտության մասին նյութերի խիստ սահմնանափակման տեսանկյունից։

Նա իր ելույթում նկատեց ՝ էրգոթերապևտիկ միջամտությունը նպաստում է ոչ միայն զարգացնելու և վերակագնելու վերին վերջույթներում առկա սահմանափակումները, այլև օգնում է այցելուին նորից սովորել կամ զարգացնել վնասվածքի հետևանքով կորցրած հմտությունները, նպաստում է վերին վերջույթում առկա սահմանափակումների վերականգնմանը և այլն։

Մոսկվայի Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի ներկայացուցիչ Նատալիա Ռիբալչենկոն ներկայացրեց ռազմական գործողությունների վետերանների կենսունակության և հոգեբանական բարեկեցության հարցի շուրջ արված հետազոտության արդյունքները, Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը խոսեց 44-օրյա պատերազմի մասնակիցների մոտ հետվնասվածքային սթրեսների հաղթահարման հիմնախնդիրների մասին, իսկ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Մելս Մկրտումյանն անդրադարձավ պատերազմի մասնակից զինվորականներին առաջին հոգեբանական օգնության կազմակերպման սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում։ Ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց աշխատությունները, ծավալվեց շահագրգիռ քննարկում։

Աշխատանքները կշարունակվեն վաղը՝ առցանց ձևաչափով։