Մանկավարժական համալսարանում շարունակվում են Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքները։
«Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հունգարիայի տարբեր գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առցանց։
Ներկայացվեցին ուսումնասիրություններ, գիտահետազոտական աշխատանքներ, մասնավորապես՝ անդրադարձ եղավ Ներսիսյան դպրոցում գեղարվեստական կրթության դրվածքին, 19-րդ դարի 90-ականներին և 20-րդ դարի սկզբին կրթական խնդիրներին, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երախտավորներին, տպարանի գործունեությանը, 19-րդ դարի արևելահայ և արևմտահայ ուսումնակրթական հաստատություններում պատիժների տեսակներին և այլն։
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացված ձեռնարկը դեկան Էդգար Հովհաննիսյանը հաջողված է համարում։ aspu.am-ի հետ զրույցում, ամփոփելով երկօրյա գիտաժողովը, այն նշանակալի համարեց բովանդակալից, հետաքրքիր զեկույցների, քննարկումների տեսանկյունից․ արտասահմանյան բուհերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն էլ ապահովեց միջազգային ձևաչափը․«Յուրքանչյուր գիտաժողով մեզ՝ պատմաբաններիս համար, խնդիր ունի ոչ միայն նորովի անդրադառնալու այս կամ այն իրադարձությանը, պատմական դեպքերի վերաբերյալ նոր փաստեր շրջանառության մեջ դնելու առումով, այլև ապահովելու գործնական մասը։ Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված գիտաժողովի նպատակն էր գիտակրթական ձևաչափում առավել զարգացնել և խորացնել հայ-վրացական հարաբերությունները։ Դարեր շարունակ երկու երկրներն ունեցել են ջերմ հարաբերություններ, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք նորովի վերաարժևորման կարիք են ունենում։ Մեր ֆակուլտետի դեպքում սա առաջին նման նախաձեռնությունն էր, ինչի շնորհիվ Թիֆլիսյան դպրոցը յուրահատուկ կամուրջ հանդիսացավ հայ-վրացական հարաբերություններն ու ստեղծված կապերն առավել խորացնելու, ապագայում վրաց գործընկերների հետ համակարգված գործունեություն ծավավելու համար»։
Դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, անդրադառնալով ներկայացված զեկույցների բովանդակությանը, ընդգծեց՝ դրանցից շատերը նոր բացահայտումներ ապահովեցին։ Նա հատկանշական համարեց այն, որ նախկինում մեծահարուստները շատ են կարևորել կրթությունն ու դեռ այդ շրջանում կատարել մեծ ներդրումներ, ստեղծել գերազանցության կենտրոններ։
Նա հավելեց՝ այս ամենը վկայում է այն մասին, որ լինելով փոքրաթիվ ռեսուսներով ազգ, մենք մեր հիմնական ներդրումը պետք է ուղղենք կրթության առաջանցիկ մոդելների ստեղծմանը։ Եթե հաջողվի՝ կունենանք տարածաշրջանի համար կարևորություն ներկայացնող կրթական հաստատություններ, ինչպիսիք նախկինում Լազարյան ճեմարանն ու Ներսիսյան դպրոցն էին։
Էդգար Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն ևս կծառայի իր նպատակին՝ Ներսիսյան դպրոցի և հայ կրթության ուսումնասիրման տեսանկյունից։
«Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։