ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատմագիտության նվիրյալը՝ Արամ Քոսյան
16.04.2024
Պատմագիտության նվիրյալը՝ Արամ Քոսյան

«Լույս է տեսել հայաստանյան պատմագիտության, առհասարակ՝ գիտական դաշտում համաշխարհային նշանակությամբ հատոր՝ ինքատիպ, եզակի, բացառիկ երևույթ, որ նվիրված է մեր ուսուցիչ, սիրված դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Արամ Քոսյանի 65-ամյակին։ Այդ իմաստով մեծանուն պատմաբանի ներկայությունը մեր միջավայրում և նման անդրադարձները պատիվ են բերում մեզ։ Նա ֆակուլտետի հիմնասյուներից է․տասնյակ սերունդներ պատմության հնագույն շրջանի վերաբերյալ հարցեր լսել են Քոսյանի օբյեկտիվ, պատմագիտական մեկնաբանմամբ։ Տարիներ հետո կհպարտանանք, որ նման գիտնականի ժամանակակիցներն ու գործընկերներն ենք եղել»,- նշեց ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը՝ գիտնականի հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսին, որը մեր իրականության մեջ բացառիկ է։

Հատորը տպագրել է բելգիական հնագույն և համաշխարհային հեղինակություն վայելող հրատարակչություններից մեկը․այն երեք տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որի խմբագիրը պրոֆեսոր Քոսյանի ասպիրանտ, ՀՊՄՀ նախկին դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանն է։

Դեկանն ընդգծում է՝ բոլորի կողմից սիրելի մանկավարժն ու գործընկերը համաշխարհային նշանակության մասնագետ է, որի կարծիքը հաշվի են առնում, հղում անում նրա աշխատություններին․ նրա գիտական ժառանգությունը հայկական պատմագիտության առանցքային ժառանգություններից են և մնալու են չգերազանցված։

Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ Քոսյանի ողջ կյանքն է կապված Մանկավարժական մայր բուհի հետ․ նա ծնվել է մանկավարժների ընտանիքում, հանրակացարանի այն մասնաշենքում, որտեղ այսօր ուսանում են ապագա պատմաբանները, իսկ հետո՝ տասնյակ տարիներ և մինչև օրս գրեթե առանց ընդհատումների դասավանդում է այստեղ։

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը մեծ պատիվ և բուհի համար կարևոր ձեռքբերում համարեց գրքի լույսընծայումը։ Մանկավարժականում արժևորում են Արամ Քոսյանի գործունեությունը, որ տարիներ շարունակ իր գիտականությամբ հզորացնում է բուհի ներուժը։

Գիտական գծով պրոռեկտորը նկատում է՝ գիտնականի՝ հեղիանակավոր գիտաչափական շտեմարաններում տպագրված աշխատություններն ու այսօր արդեն ընթերցողի սեղանին դրված հատորը, որում ներառված են աշխարհահռչակ 28 գիտնականի գործեր, մեկ անգամ ևս ապացուցում են նրա վաստակն ու համաշխարհային հռչակը։

Գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ֆակուլտետի դասախոսական և ուսանողական համակազմը, ուղեկցվեց Արամ Քոսյան՝ մարդու, անհատի, գիտնականի, նրա գործերի մասին պատմություններով, արժևորմամբ։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը նկատում է՝ գիրքը պատիվ է ոչ միայն պրոֆեսոր Քոսյանի, այլև բոլորիս համար․ անհամեստորեն, դրան ձգտում է հայաստանյան ողջ գիտական հանրույթը։

Պրոֆեսորը հույս հայտնեց, որ Արամ Քոսյանի օրինակը վարակիչ կլինի մյուս գիտանականների համար ևս՝ պատիվ բերելով հայ գիտական մտքին։

«Արամ Քոսյանը մեր գիտական հանրության համար խիստ հայտնի անուն է։ Ինձ բախտ է վիճակվել դեռ ուսանողական տարիներից ծանոթ լինել Քոսյան ընտանիքի հետ․ նրա հայրը՝ Վաղարշակ Քոսյանը, հանրապետության կարկառուն լեզվաբաններից էր, որ թողել է գիտական հարուստ ժառանգություն։ Մենք շնորհավորանքներ ենք ուղղում նշանավոր մանկավարժի ընտանքից ծնված, այսօր արդեն առավել նշանավոր գիտնականի, որ ստացել է փայլուն կրթություն և դրանից հետո ոչ մի վայրկյան չի դադարել զբաղվել գիտությամբ»,-նշեց Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանն ու ներկաներին փոխանցեց համաշխահային մեծության մի շարք գիտնականների կարծիքներ Արամ Քոսյանի մասին։

Նա  նկատում է՝ օրինաչափություն է՝ Հին Արևելիք պատմությունը դասավանդել են ժամանակի լավագույն պատմաբանները․ այդ առումով Մանկավարժական համալսարանը հպարտանալու առիթ ունի։

Էդիկ Գևորգյանը համոզված է՝ Արամ Քոսյանը շատ անելիք ունի, և թեպետ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, նա գիտության մարդ է՝ իր գիտական ստեղծագործական աշխատանքներով։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Միքայել Մարտիրոսյանն ասում է՝ արդեն 20 տարի բախտ է վիճակվել նույն ամբիոնում աշխատել Արամ Քոսյանի հետ․մեծ պատիվ է համարում։ Ընդգծում է՝ պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակի, բեղուն գրչի վառ ապացույցն այս գիրքն է։ Հայ պատմագիտական մտքի պատմության մեջ չի հիշում դեպք, երբ համաեվրոպական հնչեղություն ունեցող հրատարակչություն, համաշխարհային մեծության գիտնականներ գրքի տեսքով հավելված կտպագրեն և այն կնվիրեն հայազգի պատմաբանի․ «Գիտության բնագավառում քո ձեռքբերումներն անջնջելի հետք են թողնելու ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրներների պատմության մեջ»,-նշեց դոցենտ Մարտիրոսյանն ու արժևորեց Արամ Քոսյանի մարդկային և մանկավարժական որակները։

Միքայել Մարտիրոսյանը բարձր գնահատեց նաև գրքի ստեղծմանն ուղղված Երվանդ Գրեկյանի կատարած մեծածավալ աշխատանքը՝ նկատելով, որ նա իր վարպետի լավագույն աշակերտներից է՝ հավատարիմ, նվիրված՝ ուսուցչին և գործին։

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը Արամ Քոսյանին բնութագրեց իր էությամբ գիտական և բարձր արժեքներ կրող անհատ, դոցենտ Արման Մարտիրոսյանն էլ նրան ամբիոնի հենասյուն համարեց, մեծանուն գիտնական, որի մեջ խտացված են մարդկային լավագույն արժեքները։

«Ես իսկապես ծնվել եմ այս շենքում և ապրել մինչև 2 տարեկան։ Սա իմ տունն է ըստ էության, և այս հանդիպումը պետք է անցկացվեր հենց այստեղ»,- իր խոսքում նշեց Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Քոսյանն ու շնորհակալություն հայտնեց ֆակուլտետին, գործընկերներին, ուսանողներին՝ ձեռնարկի կազմակերպման, հնչեցրած կարծիքների համար։

Պրոֆեսոր Քոսյանը նշեց, որ արդեն 18 տարի իր կրտսեր գործընկեր Երվանդ Գրեկյանի հետ միասին հրատարակում են եվրոպալեզու հին արևելյան ուսումնասիրությունների հայկական «Արամազդ» հանդեսը, որ լույս է տեսնում նաև Անգլիայում։

Պրոֆեսորը նշեց՝ փորձել են սակավ ուժերով, առանց պետական հովանավորության, հայագիտությունը դուրս բերել արտերկիր, և այդ գործունեության շնորհիվ արտասահմանցի մասնագետները սկսել են ճանաչել և գնահատել հայ մասնագետներին։ Այս հատորն էլ այդ բնագավառի մի ուղղությունն է․«Մենք փորձում ենք միջազգայնացնել գիտության՝ հին արևելյան ուսումնասիրությունների ոլորտը․ մեզ հաջողվել է դա։ Սա այն բնագավառն է, որ պետությունն ի վիճակի չի անել․ այն առանձին անհատների և նվիրյալների գործն է»։

Արամ Քոսյանը նկատեց՝ մեզանում արատավոր սովորություն կա՝ մարդկանց պատվել մահվանից հետո։ Ո՞ւմ է պետք դա։ Նա իր գոհունակությունը հայտնեց իրեն կենդանության օրոք գնահատելու և արժևորելու համար․ դա նույնն է, թե մարդու կենդանության օրոք նրա հուշարձանը կանգնեցնել։ Իրեն նվիրված արժեքավոր հատորի հրատարակման առթիվ գիտնականը հպարտությամբ ասաց՝ քչերն են արժանանում նման պատվի․ ես ընտրյալներից մեկն եմ։