Շարունակվում է ՀՊՄՀ «Ամառային դպրոց-2024» միջազգային ծրագիրը, որի երկրորդ օրը մասնակիցները բացահայտեցին Հայաստանի պատմամշակութային և տեսարժան վայրերից մի քանիսը։ Մեր երկիրը ուսանողներին ներկայացավ իր հարուստ անցյալով և պատմական ժառանգությամբ:
Երիտասարդներն այցելեցին միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններ՝ Գոշավանք, Հաղարծին վանական համալիրներ։ Պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող երկու վայրերում ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Հայկ Գրիգորյանը միջազգային դպրոցի մասնակիցներին ներկայացրեց «Կրթական համակարգը միջնադարյան Հայաստանում» թեմայով ոչ ֆորմալ դասախոսություն։
Նա օտարազգի երիտասարդներին ներկայացրեց նաև դրանց հիմնադրման պատմությունն ու նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում։
Ծրագրի մասնակիցների հերթական կանգառը Սևանա լիճն էր․ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնել, այլև լողալ Սևանա լճում։ Նրանք այցելեցին նաև լճի ափին գտնվող Սևանավանք, ծանոթացան կառույցի պատմությանն ու ավանդությանը։
Այցի շրջանակներում միջազգային դպրոցի մասնակից Երիտասարդական և ուսանողական զբոսաշրջության ծրագրի աշխատակիցները ներկայացրին «15 հարց ճամփորդությանը սիրահարվելու համար» սեմինարը։
«Ամառային դպրոց 2024»-ն առաջիկա օրերին կշարունակի լինել գերհագեցած․մասնակիցներին առաջիկայում սպասվում են հետաքրքիր և բովանդակալից օրեր։