ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատմության և արդիականության հետքերով․ գիտաժողով Մանկավարժականում
02.03.2023
Պատմության և արդիականության հետքերով․ գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանի և Համազգային հայ կրթամշակութային միության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց  ձեռնարկը՝ ընդգծելով, որ ժամակաշրջանը լի է նշանակալի իրադարձություններով, որոնց հետևանքները կարևորվում են մերօրյա զարգացումներում։

Պրոֆեսոր Գևորգյանը հավելեց՝  յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հայ քաղաքական-հասարակական մտքի տեսաբանները վճռորոշ դեր են ունեցել իրենց մոտեցումներով․ «Ձեռնարկը միտված է երկու հայկական պետությունների քաղաքական, հոգեբանական, սոցիալական ճգնաժամին, դրա շուրջ մտահոգություններին, որոնց ճշգրիտ թեզիսների վերհանման առումով կարող ենք և պարտավոր ենք դրական զարգացումներ ձևավորել։ Նման գիտաժողովներում կարևոր է, որ երիտասարդները, ավագ գործընկերների և պատմական միտքը կրող տեսաբանների հետ, լուծումներ գտնեն պատմության կրկնվող իրադրություններում»։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ հավելում է՝  կարևոր է, որ կրթական հաստատությունը պարբերաբար հանդես գա գիտական ձեռնարկներով, լրացնելով գիտահետազոտական բաղադրիչը։

Պատմաբանը վստահ է՝  գիտաժողովը կարևոր շեշտադրումներ է բերելու․ քաղաքական ազգ ունենալու տեսանկյունից կարևոր է  ուսումնասիրել հայ քաղաքական միտքը, արժևորել անցյալի քաղաքական ժառանգությունը․«Ցանկացած ժողովուրդ ազգ է դառնում, եթե ունի քաղաքական տեսլական, ինչը պակասում է մեր օրերում։ Քաղաքական ազգն ունի իր հստակ տեսլականը, ազգային իղձերը, նպատակները և դրանք իրականացնելու  հստակ ճանապարհը։  19-րդ դարի  հանրությունը կարողացավ թողնել այնիսի ժառանգություն, որ նորովի ուսումնասիրման և արժևորման կարիք ունի»։

Համազգային հայ կրթամշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի կարծիքով՝ պատմական ներկա հանգրվանում, երբ մեր ազգային պետական կյանքը մոլորությունների մեջ է, կարևոր է հետահայաց անդրադարձը հասարակական-քաղաքական մտքի խմորման և զարգացման անկյունադարձային ժամանակահատվածին։

Մի կողմից թուրքական հայահալած քաղաքականություն, մյուս կողմից՝ հայկական դիմակայություն․ արդյունքում, բուռն վերելք է ապրում հայոց հասարական-քաղաքական միտքը, որի ակունքներից էլ ծնունդ է առնում ազգային-ազատագրական գաղափարախոսությունը․ « Ինչպես կանգ չի առնում կյանքը, այնպես էլ չի կարող կանգ առնել հասարակական-քաղաքական մտքի զարգացման ընթացքը»,-նշում է բանախոսն ու հավելում՝ հայ ժողովրդի գոյատևումն ապահովել են հայոց հոգևոր-մշակութային պատմական արժեքները․ այսօրվա մտավորականների գլխավոր առաքելությունն այդ արժեքները հայոց հասարակական-քաղաքական ավանդական միտքն ու մտածելակեպը սերունդների սեփականությունը և ապագային միտված գործունեության ծրագրային հենքը դարձնելն է։ Վստահ է՝ այդ իմաստով գիտաժողովն իր համեստ ներդրումն կունենա։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը նշում է՝ գիտաժողովի գաղափարը հղացել է մեկ տարի առաջ՝ նկատի ունենալով այն կարևոր հանգամանքը, որ ցանկացած խնդրի գործնական լուծում պայմանավորված է դրա տեսական հիմնավորմամբ։ Բացի այդ, այսօր Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ առումներով նման են 100 տարի առաջ կատարվող դեպքերին։

Խաչատուր Ստեփանյանը  վստահ է՝ մեր հասարակական-քաղաքական մտքի փորձառությունն է, որ պետք է օգնի դուրս գալ այս ծանր վիճակից և դիմակայել  ժողովրդին սպառնացող մարտահրավերներին։

«Ազգային ըմբռնումը ընդհանուր է, հայրենիքին նվիրվելու գաղափարը՝ բոլորի սեփականությունը, սակայն ճշմարիտ է նաև այն տեսակետը, որ երբ բանաձևված չի լինում ազգի տեսլականը,  նպատակը՝ ժողովուրդն իր ներուժը մեկտեղելու փոխարեն՝ ցրիվ է տալիս, հաճախ սթափվելով միայն օրհասական պահերին»,-գիտաժողովում նշեց Համազգային հայ կրթամշակութային միության կենտրոնական վարչության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Նրա հավաստմամբ՝ գիտաժողովի անցկացումը ոչ միայն  տեղին է, այլ անհրաժեշտ։ Գիտաժողովի ուղերձը ևս մեկ անգամ հավաստում է, որ հայոց պետականությունն  անխաթար պահելու, օրվա իշխանությունների քաղաքականությունը ծրագրելու գործընթացում, ելակետը պետք է լինի ժողովրդի իդեալը․ «Պետք է միտք փնտրել , ձևակերպել այն և վերջինիսի հավատարիմ կառուցել  մեր փարոսը, ուրվագծել երազած հայրենիքի  տեսլականը»։

Առաջին նիստում դոկտոր Ռուբինա Փիրումյանը ներկայացրեց ազգայինից պետական մտածողության անցնելու հայ քաղաքական մտքի վերջին թռիչքը՝  1918-1920 թվականներին, հայ հասարակական-քաղաքական մտքի ընթացքում և ազգային ազատագրական շարժման խմորման վրա արևմտահայոց ազգային սահմանադրությանը, սաղմնավորմանը, հիմնական սկզբունքներին և ազդեցությանն անդրադարձավ  սփյուռքահայ կրթական գործիչ Տիգրան Ճինպաշյանը, իսկ հայ հասարակական-քաղաքական մտքի արտացոլմանը Բոստոնի «Հայրենիք» ամսագրում, հոդվածաշարերին և հեղինակներին իր զեկույցում ներկայացրեց Խաչատուր Ստեփանյանը։

Հայ հասարակական-քաղաքական իրավիճակի մյուս արտացոլումներին  իրենց զեկուցումներում անդրադարձան գիտաժողովի երկրորդ և երրորդ նիստերի բանախոսները։

 Ծավալվեց մասնագիտական քննարկում, եղավ հարց ու պատասխան։