«1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն անջնջելի հետք թողեց մեր պատմության հետագա ընթացքի վրա։ Նախորդ դարում տեղի ունեցած ոճրագործությունը ճակատագրական նշանակություն ունեցավ նաև այդ ժամանակաշրջանում ապրող հայ մտավորականների գործունեության վրա։ Նրանցից շատերի արվեստը կրեց ոճային կտրուկ փոփոխություն և ընթացավ այլ ուղղությամբ»,-այսօր «Պատմությունը ժամանակակիցների աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Պրոֆեսոր Գևորգյանը, թվարկելով անվանի ստեղծագործողներին, նկատեց՝ նրանցից շատերն ականատեսն են եղել կոտորածների ողբերգական տեսարանների, մյուսներն էլ՝ լսել են ականատեսներից և կտավներին հանձնել անձնական հուշերն ու լսած պատմությունների կենդանի պատկերները։
Մանկավարժական համալսարանի Պատմության թանգարանում ներկայացված ցուցադրությունը Հայոց ցեղասպանության տարելիցին էր նվիրված․ ցուցադրված էին Կերպարվեստի ամբիոնի դասախոս-արվեստագետների բազմաոճ աշխատանքներ՝ գեղանկար, գունանկար, գոբելեն, քանդակ և այլն։
Բուհի ռեկտորը, կարևորելով ցուցահանդեսի գաղափարը, նշեց՝ ներկայացված գործերը թեպետ տարբերվում են ժանրային բազմազանությամբ, պատկերված իրադարձություններով, տեսարանների վերարտադրությամբ, ասելիքի սրությամբ, սակայն դրանց միավորում է 20-րդ դարի ոճրագործությունը․ «Վերածննդի, դատապարտման, պատմական հիշողության պատասխանատվություն պետք է ունենա մեզնից յուրաքանյուրը։ Ուսանողը, անկախ մասնագիտությունից, կոնկրետ վերաբերմունք ու արձագանք պետք է ունենան այն պատմական հիշողությանը, որի մասնիկն է»,-հավելեց ռեկտորն ու ներկաներին մաղթեց լռակյաց ինքնավերլուծությամբ և մենախոսությամբ դիտել ցուցահանդեսն ու մեկ անգամ ևս առերեսվել պատմությանը։
Այն, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի աննախադեպ ոճրագործություն է, հայ պատմագիտության չխունացող հիմնահարցերից, որի կենսունակությունը հիմնավորման կարիք չունի, փաստում է նաև Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանը։
Պատմաբանը համոզված է՝ պետք է խոսել ոչ միայն պատմական արդարության վերականգման, այլև ազգային անվտանգության մասին․ ավելի քան մեկ դար անց, այսօր էլ, հայ ժողովուրդը հայրենիքում, Արցախում և Սփյուռքում կանգնած է լուրջ մարտահրավերների առջև․ «Մեզ համար կարևոր է ցեղասպանության հիմնախնդիրների հաղթահարումը և պատմաիրավական հիմնավորումները՝ անկախ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից։ Լինելով մանկավարժական բուհ, լուրջ անելիքներ ունենք ապագա մանկավարժներին, գալիք սերունդներին ազգային արմատներին մոտ պահելու, լեզուն, գրականությունը, հայոց պատմությունն առաջին պլան մղելու առումով։ Հզոր գիտական հենքով, ուժեղ տնտեսությամբ, ամուր անվտանգային համակարգով միայն կկարողանանք պայքարել ազգի հավերժության համար և կանխել ապագայի հանցագործությունները, որոնց գագաթնակետը ցեղասպանությունն Է»։
Պատմությունը ժամանակակիցների աչքերով իր գեղանկարներում ներկայացրել է նաև Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը։
Պրոֆեսորն անկեղծանում է՝ ներկայացված գործերը խոսուն են․ դրանք յուրատեսակ խոնարհում են սրբադասված զոհերի հիշատակին և արտահայտում է ստեղծագործողների վերաբերմունքը 1915 թվականին կատարված ոճրագործության հանդեպ։
Մանկավարժ-արվեստագետը կարծում է, որ ժամանակն է դուրս գալ զոհի հոգեվիճակից և կառուցել մեր ինքնությունը․ պատմությունը ժամանակ է տվել շնչելու, ստեղծելու, վաղվա օրն առավել լուսավոր դարձնելու համար։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 31-ը։