ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատվոգրեր` ՀՊՄՀ հոգեբան-դասախոսներին
21.04.2021
Պատվոգրեր` ՀՊՄՀ հոգեբան-դասախոսներին

Մանկավարժական համալսարանի 20 հոգեբան–մասնագետ այսօր պարգևատրվեց ՀՀ ՊՆ պատվոգրերով: Պատվոգրերը նրանց հանձնեց ՊՆ ԳՇ զորքերի բարոյահոգեբանական ապահովման աշխատանքների վարչության ավագ սպա Վիգեն Մանուկյանը:

Վերջինս ռազամական ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին և հոգեբան-մասնագետներին`Արցախյան 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: Վիգեն Մանուկյանը վստահեցրեց, որ բարձր են գնահատում առաջին իսկ օրից զինվորների և նրանց ընտանիքների հետ տարվող հոգեբանական աջակցության արդյունքներն ու վստահեցնում` հետպատերազմյան շրջանում ևս այն շատ կարևոր է:
ՀՊՄՀ հոգեբանների մասնագիտական խումբը հոկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 17-ն ունեցել է 631 այցելություն վիրավոր 211 զինծառայողի և նրանց ընտանիքների անդամների: Բացի բուժհաստատություններում տարվող աշխատանքներից, հոգեբանները այցելել են նաև զոհվածների ընտանիքներ, մասնագիտական աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքի անդամներին: Բացի այդ, զինծառայողների հետ բարոյահոգեբանական ապահովման աշխատանքներ են իրականացվել նաև Վայոց ձորի և Սյունիքի զորամասերում: Ի դեպ, բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար հետմահու պատվոգրի արժանացավ նաև ՀՊՄՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: 

ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական խմբին և վստահեցրեց` նրանցից շատերը դա դիտարկել են ոչ միայն աշխատանք, այլև խղճի թելադրանք:

«Մանկավարժական համալսարանի հոգեբանների բանակն այսօր էլ պատրաստ է կատարել իր մասնագիտական պարտականություններն ու կանգնել զինվորի ու նրանց ընտանիքների կողքին»,-վստահեցրեց Սրբուհի Գևորգյանն ու տեղեկացրեց` մի քանիսը դեռ շարունակում են բարոյահոգեբանական աջակցության և վերականգնողական աշխատանքները, ունենում այցեր: