ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պետք է բարելավել մասնագիտական կրթական ծրագրերը
27.03.2024
Պետք է բարելավել մասնագիտական կրթական ծրագրերը

Կայացավ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հերթական հանդիպումը ամբիոնների վարիչների հետ։

Աշխատանքային հանդիպմանը ամբիոնների վարիչները ներկայացրին մասնագիտական ուսումնական պլաններում դասավանդման մեթոդիկաների և մանկավարժական բաղադրիչի ժամաքանակների ինտեգրման տարբերակների վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները։

Ռեկտորը նկատեց՝ տարբեր մասնագիտությունների գծով մեթոդիկայի մասնագետները քիչ են, և հավելեց, որ այս հանդիպումը միտված է նաև այս հարցի շուրջ հավաքագրելու մոտեցումները, վերհանելու խնդիրները, առավել հստակեցնելու մասնագիտությունների և մեթոդիկաների տոկոսային հարաբերակցությունը։

Հանդիպման ընթացքում իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացրին ամբիոնների վարիչները։

Ելնելով մասնագիտությունների յուրահատկություններից՝ ամբիոնների վարիչների առաջարկները մասնագիտական առարկայախմբերի մեջ դասավանդման մեթոդիկաների և մանկավարժական բաղադրիչի ինտեգրման տեսանկյունից տարբեր էին։

«Մենք պատրաստում ենք ուսուցիչներ։ Մեր խնդիրը ոչ թե ակադեմիական մասնագետներ պատրաստելն է, այլ մանկավարժական կոմպետենցիաների ձևավորումը»,-նշեց ռեկտորն ու համաձայնեց այն հիմնավորումներին, որ յուրաքանչյուր մանկավարժ նախ տվյալ գիտաճյուղից պետք է ունենա բարձր գիտելիքներ։

Սրբուհի Գևորգյանը միաժամանակ փաստեց, որ համալսարանում գործող ուսումնական պլաններում առկա դասընթացներից շատերն ունեն վերանայման անհրաժեշտություն․ դրանք պետք է համապատասխանեցվեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի պահանջներին․ «Պետք է հասկանալ՝ ինչպես սիներգետիկ կապ հաստատել ուսումնական պլանի և հոգեբանական ու ֆիզիոլոգիական բաղադրիչների միջև, ինչպես ուժեղացնել մանկավարժական բաղադրիչը»։

Աշխատանքային հանդիպումը շարունակվեց քննարկումներով․ ըստ ամբիոնների՝ վարիչները ներկայացրին տարբեր մասնագիտությունների դասավանդման մեջ մեթոդիկայի մասնաբաժնի ինտեգրման վերաբերյալ իրենց կարծիքներն ու պատկերացումները։ Քննարկվեց նաև ուսուցիչ պատրաստող մասնագիտությունների համար մեթոդիկաների ժամաքանակ սահմանելու անհրաժեշտությունը և այլ հարցեր։

«Այսօրվա երեխայի հոգեկանը խիստ փոփոխվել է վիրտուալ տիրույթի պայմաններում, և կրթությունը չի կարողանում հասնել նրա հետևից․ այս առումով առավել կարևորվում է մեթոդիկայի ժամաքանակի ավելացումը»,-ընդգծեց Սրբուհի Գևորգյանն ու շեշտադրեց՝ փոփոխության ու վերանայման կարիք ունի նաև պրակտիկաների կազմակերպումը, ուսուցչի էթիկային վերաբերող և այլ հարցեր։

Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանն այն կարծիքին է, որ անկախ բոլոր հանգամանքներից, բուհն ուսուցիչներ է պատրաստում, և չի կարելի բոլոր մասնագիտությունների համար նույն ժամաքանակը սահմանել․ մաթեմատիկան չի կարող նույն ձևով դասավանդվել, ինչպես հասարակագիտությունը։ Նա նկատեց՝ դասավանդման մեթոդիկան մեզանում դեռևս թույլ է, և պետք է սկսել դասախոսներից, նրանց կրթական տեխնոլոգիաներ ուսուցանելուց։ Պրոֆեսոր Թոփուզյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում էին տարբեր մասնագիտությունների գծով մանկավարժական բաղադրիչի ինտեգրմանը։

Աշխատանքային հանդիպման մասնակիցները միակարծիք են՝ անհրաժեշտ է դասավանդման մեթոդիկայի և մանակավարժության տեսանկյունից ուժեղացնել մասնագիտական կրթական ծրագրերը։ Ներկաներն առաջարկեցին հաջորդ հանդիպումները կազմակերպել ֆակուլտետներում և ըստ մասնագիտական յուրահատկությունների քննարկել փոփոխությունների ուղղությունները։