ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Փիլիսոփայությունը ժամանակից վեր գիտություն է». նշվեց փիլիսոփայության միջազգային օրը
16.11.2017
«Փիլիսոփայությունը ժամանակից վեր գիտություն է». նշվեց փիլիսոփայության միջազգային օրը

Այսօր աշխարհում նշվում է Փիլիսոփայության օրը: Այս առիթով Մանկավարժական համալսարանում փիլիսոփայական գիտությունների թեկնածու Անդրանիկ Ստեփանյանի՝ «Աստծո մահվան ուսմունքը» մենագրության շնորհանդեսն էր:

«Մանկավարժությունն ու հոգեբանությունն ամբողջովին հիմնված են փիլիսոփայական մեթոդաբանության վրա. մանկավարժություն-հոգեբանություն-փիլիսոփայություն շղթան այն կարևորագույն բուրգն է, որով պայմանավորված են բուհի ձեռքբերումներն ու առաքելության իրականացումը»,-նշեց ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու բուհի ղեկավարության անունից շնորհավորեց Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոսներին մասնագիտական օրվա առթիվ:

Պրոռեկտորը բարձր գնահատեց ամբիոնի 6-ամյա գործունեությունը՝ ընդգծելով, որ փիլիսոփայությունը հիմնադրույթային գիտություն է, որով պայմանավորված է նրա մուտքը դեպի անձ:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը մասնագիտական օրը որևէ կերպ նշելը համարում է ամբիոնի լավագույն ավանդույթներից մեկը, որը նաև յուրահատուկ առիթ է ամենամյա հաշվետվությամբ հանդես գալու տեսանկյունից:

«21 հոդված՝ 15-ը ցիտվող ամսագրերում, 16 զեկույց միջազգային գիտաժողովներում, հայտնի փիլիսոփաների դասախոսություններ, գիտական պարբերականների խմբագրական խորհուրդներում ամբիոնի դասախոսների ընդգրկում, մի շարք համատեղ գիտահետազոտական ծրագրեր արտասահմանյան փիլիսոփաների հետ և այլն»,-ներկայացնելով ամբիոնի ձեռքբերումները՝ նշեց Հասմիկ Հովհաննիսյանն ու հավելեց, որ այսօրը ևս մեկ առիթ է մի քիչ փիլիսոփայելու, տարբեր տեսանկյուններից գնահատելու, խորհրդածելու հնագույն, բայցև մշտապես երիտասարդ գիտության մասին:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի՝«Աստծո մահվան ուսմունքը» գրքի խմբագիր Դավիթ Մոսինյանն իր խսքում նշեց, որ աշխատությունն առաջին փորձն է հայ իրականության մեջ՝ արժևորելու ռադիկալ մտածողության ծիրում ձևավորված Աստծո մահվան ուսմունքը:

«Փիլիսոփայությունը ժամանակից վեր գիտություն է»,-նշեց խմբագիրն ու հավելեց, որ հետազոտությունը, որի վրա աշխատել է արվեստի գործի ճշգրտությամբ, չի հավակնում սպառել անսպառ թեման, այլ հորիզոն է բացում մարդ-Աստված փոխհարաբերության մասին մտածելու համար:

Մասնագիտական օրվա և գրքի լույսընծայման առթիվ շնորհավորեցին նաև ամբիոնի դասախոսները:

«Փիլիսոփայությունն իմաստություն է. ազգն ու երկիրը պահողը՝ հայրենասիրությունն ու իմաստությունն են: Փիլիսոփայությունը հավերժական է, այն իր դերը կատարել և կատարում է բոլոր ժամանակներում»,-նշեց պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանն ու հորդորեց պահպանել այդ արժեքները:

Մեջբերելով մեծ փիլիսոփա Ռենե Դեկարտին՝ ազգերը քաղաքակրթված են այնքանով, ինչքանով լավ են փիլիսոփայում, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ պետության համար չկա ավելի մեծ արժեք ու բարօրություն, քան ճշմարիտ փիլիսոփաներ ունենալը:

Հովհաննես Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ դժվար է պատկերացնել փիլիսոփայությունն առանց ազգային երանգների. բացի այդ, ազգի զարգացվածության մակարդակը պետք է որոշել փիլիսոփայելու կարողությամբ:

Ձեռնարկի ավարտին մենագրության հեղինակ Անդրանիկ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց գրքի լույսընծայման աջակիցներին և վստահեցրեց, որ այն երկարամյա հոտազոտական աշխատանքի, 350 անուն աղբյուրների ուսումնասիրության խտացումն է, որ նախատեսված է փիլիսոփաների, կրոնագետների, աստվածաբանների, մշակութաբանների և առհասարակ՝ ընթերցող լայն հանրության համար:

«Կրոնի և կրոնական գիտակցության ճգնաժամը նշանակում է, որ հասարակական կյանքում կրոնի դիրքերը խարխլվել են, երբեմնի իշխանությունը՝ հեղինակազրկվել, ազդեցությունը՝ թուլացել ժամանակակից մարդու համար: Մինչդեռ քրիստոնեական կրոնը արևմտյան քաղաքակրթույթան և մշակույթի հիմքերից մեկն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել այդ մշակույթն իր ձեռքբերումներով և ձախողումներով»,-նշեց Անդրանիկ Ստեփանյանն ու հավելեց, որ քրիստոնեական գաղափարախոսությունը և ուսմունքը արևմտյան մարդու գիտակցության մեջ ձևավորել են մարդու, իրականության, աշխարհի և Աստծո կրոնական ըմբռնումը:

Նշենք, որ հեղինակի մենագրությունը նվիրված է 20-րդ դարի ռադիկալ աստվածաբանների, մասնավորապես՝ ֆրանսահայ նշանավոր մտածող, աստվածաբան Գաբրիել Վահանյանի «Աստծո մահվան» ուսմունքի վերլուծությանն ու արժևորմանը: