ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊՆ հուշամեդալներ՝ ՀՊՄՀ-ի դասախոսներին
21.02.2019
ՊՆ հուշամեդալներ՝ ՀՊՄՀ-ի դասախոսներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։

Ծրագրում ընդգրկված են Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի շարք դասախոսներ: 

Հայոց պատմության ամբիոնի դասախոսներ Էդգար Հովհաննիսյանը, Խաչատուր Ստեփանյանն ու Ավետիս Հարությունյանը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիրակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար նախարար Տոնոյանի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով:

Դավիթ Տոնոյանը, արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիրակության գործում, ծրագրի մասնակիցներին հավաստիացրեց՝ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։

aspu.am-ի հետ զրույցում Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, ծրագրի մասնակից Էդգար Հովհաննիսյանն ընդգծեց, որ ձեռնարկը երկուստեք արդյունավետ է և կարևոր. «Զիվորների համար սա լավ հնարավորություն է հանդիպել մշակույթի գործիչներին, գիտնականներին և դասախոսությունների, զրույցների ընթացքում կտրվել առօրյայից: Առավել կարևոր է, որ մենք կարողանանք բանակի մասին տեղեկանալ հենց զիվորից, սպայից և ստացած էներգիան ու ռազմահայրենասիրական տրամադրությունը փոխանցենք նաև ուսանողներին»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց՝ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում կարևոր ձեռնարկ է, որ պետք է ունենա պարտադիր շարունակություն:

Նշենք, որ 9 տարի շարունակ իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր, հանդես եկել 1000-ից ավելի դասախոսություններով: