ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պոլսահայ նորագույն գրականությունը՝ գրքի միջազգային փառատոնում
29.05.2023
Պոլսահայ նորագույն գրականությունը՝ գրքի միջազգային փառատոնում

Մայիսի 25-27-ն անցկացվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որին արդեն երրորդ տարին է՝ մասնակցում է նաև ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը։

Փառատոնի շրջանակներում պոլսահայ նորագույն գրական շարժմանը, հատկանիշներին և զարգացման միտումներին նվիրված բանախոսությամբ հանդես եկավ Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Բանախոսն իր ելույթում ընդգծեց, որ 1910-ական թթ. ընդհատված Պոլսի խոշոր գրական շարժման նորօրյա շարունակականությունը դարձավ Երկրորդ աշխարհամարտից հետո ասպարեզ եկած այս գրականությունը՝ բերելով ավանդույթի և նորարարության հետաքրքիր համադրություն, ազդեցության աղբյուր դառնալով նաև արևելահայ շրջանակների համար։

Պրոֆեսոր Դանիելյանն անդրադարձավ պոլսահայ ականավոր դեմքեր Արեգ Տիրազանին, Զավեն Պիպեռյանին, Ռոպեր Հատտեճյանին, Զահրատին, Զարեհ Խրախունուն, Մկրտիչ Մարկոսյանին, Իգնա Սարըասլանին և այլն։

Հանդիպման վարող, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանն ընդգծեց՝ պոլսահայ գրականությունը պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի և նրա ղեկավարած կառույցի համար արդեն տասնամյակներ գիտական հետաքրքրությունների շրջանակ է․ այդ մասին է փաստում նաև Կենտրոնի մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ հայրենիքում և Պոլսում հրատարակված և ցուցադրության ներկայացված տասնյակ գեղարվեստական և մեկնաբանական գրքեր․«Վերջին օրինակը «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ լույս տեսած «Պոլսահայ նորագույն գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» գիտաժողովի նյութերի ժողովածուն է»,-նշեց նա։

Կազմակերպիչները վստահեցրին՝ փառատոնին պրոֆեսոր Դանիելյանի անդրադարձը հայ գրականության ամենաուշագրավ երևույթներից մեկին պոլսահայ գրականության հանրահռչակման կարևոր քայլ է։