ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փոփոխություններ՝ հատուկ մանկավարժների պրակտիկայի գործընթացում
08.09.2023
Փոփոխություններ՝ հատուկ մանկավարժների պրակտիկայի գործընթացում

ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում էին Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչները։

Վերջիններս քննարկեցին ուսանողների պրակտիկայի կազմակերպման և ընթացքի վերաբերյալ հարցեր՝ վերհանելու առկա խնդիրներն ու առաջարկելու հնարավոր լուծումներ։

Ֆակուլտետի պրակտիկայի պատասխանատու Վերա Մարուքյանը ՏՄԱԿ-ի հետ համագործակցության և պրակտիկայի գործընթացի շրջանակներում կարևորեց ոչ միայն նրանց կողմից աջակցության, այլև ուսանողին գնահատման գործընթացին ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դա կհեշտացնի կառույցում նրանց հետագա աշխատանքային գործունեությունը։

Դեկան Գոհար Հովյանը երկրորդում է՝ պրակտիկայի ճիշտ կազմակերպումը լուծում է ուսանողի զբաղվածության խնդիրը որակյալ մասնագետ պատրաստելու տեսանկյունից։ Ընդգծում է՝ առանց փորձառության այսօր ոլորտում դժվար է աշխատանք գտնել․ այդ առումով չափազանց կարևոր է ՏՄԱԿ-ի աջակցությունը, մեթոդիստների հետ համատեղ աշխատանքն ու համագործակցությունը։

Նա կարևորեց աշխատանքի ճիշտ պլանավորումը, նաև այն, որ ուսանողները տիրապետեն ՏՄԱԿ-ի գործառույթներին՝ գնահատման գործիքակազմից մինչև փաստաթղթային վարույթի տարբեր ձևեր։

Պրոֆեսոր Հովյանը նկատում է՝ կրթական բարեփոխումների շրջանակներում օրենսդրական դաշտի փոփոխություններն են նաև պահանջում պրակտիկայի գործընթացի վերանայում, ապա շտապում հիշեցնել՝ այսօրվա ուսանողը վաղվա մանկավարժն է։

Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում, հնչեցին գործընթացն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ։