ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Փոքր սենյակ՝ մեծ սրտով». բացվեց HyeID-ի գրասենյակը
08.10.2021
«Փոքր սենյակ՝ մեծ սրտով». բացվեց HyeID-ի գրասենյակը


Այսօր կայացավ Հայ Ինքնության Քարտ (HyeID) շահույթ չհետապնդող կազմակերպության երևանյան գրասենյակի բացումը, որի ներկա էր նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը, գործարար համայնքի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հյուրեր:

Կազմակերպության նպատակն է միավորել աշխարհի հայերին ընդանուր հարթակի շուրջ, որպեսզի նրանք շփումների, հարցումների և հանրաքվեների միջոցով կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները թե' աշխարհի հայերին հետաքրքրող ընդհանուր հարցերի, թե' տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ:

Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը երևանյան գրասենյակի բացումը կարևոր իրադարձություն համարեց. հայ ինքնության գաղափարը պետք է տարածվի աշխարհով մեկ:

Աշոտ Խոեցյանը նկատեց՝ իր ղեկավարած կառույցը 100-ամյա պատմության ընթացքում զբաղվել է մատաղ սերնդի դաստիարակությամբ, որում կարևոր տեղ ունի նաև ինքնության գաղափարը, որը եղել է, կա, կլինի մեր ժողովրդի գոյատևման կարևորագույն նախապայմանը.«Ամբողջ աշխարհի հայերին մեկ միասնական համակարգի մեջ միավորելն ու այս գրասենյակի բացումը կարևոր, լուրջ քայլ է մեզանում: Նախորդ օրերին բուհում հյուրընկալել էինք կազմակերպության անդամներին, հաստատվեցին գործնական կապեր, որոնք հուսով եմ կտան իրենց պտուղները»:

«Հայ ինքնության քարտը (HyeID) հնարավորություն է տալիս ցանցի ներսում ստեղծել նաև գործարար խմբեր, քարտատերերին՝ մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերում, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր, ունենանալով՝ ռեալ խնայողություն՝ ավելի քիչ վճարելով գնած ապրանքի կամ ծառայության համար», -aspu.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանն ու հավելեց՝ սա լավ հնարավորություն է, որտեղ հայերը կարող են միավորվել, ճանաչել միմյանց, համատեղ իրագործել տարբեր հայանպաստ ծրագրեր և նախագծեր:

Գրասենյակի բացմանը ներկա ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Գևորգյանն էլ նկատեց՝ այն, ինչ ծառայում է Հայաստանին և հայ ժողովրդին, անպայման կհաջողի: