ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Փոքրիկ դռնից մեծ աշխարհ»․ հրաժեշտ կրտսեր դպրոցին
08.05.2025
«Փոքրիկ դռնից մեծ աշխարհ»․ հրաժեշտ կրտսեր դպրոցին

«Փոքրիկ դռնից մեծ աշխարհ» խորագիրն էր կրում ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4բ դասարանի ավարտական միջոցառումը։

Աշակերտները հրաժեշտի միջոցառմանը ներկայացրին իրենց փոքրիկ, բայց զարմանահրաշ ու խաղաղություն խորհրդանշող մոլորակը` կրտսեր դպրոցը, որտեղ հաշտ ու համերաշխ, ազատ շփվում են 29 լույսի տարբեր շողեր:

Մայիսյան հաղթանակներին նախորդող ձեռնարկը հայրենասիրական էր․ աշակերտները նկատեցին՝ երբ ասում ենք մենք, մեզ հետ և մեր սրտերում է մեր հայրենիքը, լեզուն, նախնիները: Նրանք այս տարիքում արդեն գիտեն՝ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև գործով․ նախնիները պաշտպանել են այս երկիրը, որ իրենք խաղաղ ապրեն։

Օրվա դասը հայրենասիրական էր․ բանաստեղծություններ և երգեր՝ նախ հզոր ու քաջ նախահոր՝ Հայկի մասին, ապա հզոր Բիայնա երկրի թագավոր Արգիշտիի, այբուբենը ստեղծողի՝ մեծ, հանճարեղ սուրբ Մաշտոցի մասին։

Կրտսեր դպրոցի սաները չէին մոռացել նաև մահին հաղթած և հայ ժողովրդին փրկած զորավար Վարդանին, հեքիաթներից իջած Սասունցի Դավթին, Մոնթեին, Ազնավուրին․«Մենք էլ ենք մեր փոքրիկ քայլերով կառուցում մեր հայրենիքի ապագան։ Եվ այսօր խոստանում ենք՝ երբ մեծանանք, սիրով ու նվիրումով պաշտպանելու ենք մեր երկիրը»,-նշեցին կրտսեր աբովյանականներն ու խոստացան Հայաստանին տալ իրենց սերը, խելքը, ձեռքերը՝ կառուցելու նրա ապագա, և իրենց հոգին՝ միշտ հպարտ մնալով, որ հայ են։

4 բ դասարանի աշակերտները վստահ են՝ այսօր բարություն է պետք աշխարհին, իսկ հայն այդ հատկանիշի կրողն է։

Հայրենասիրությունից անցում ընկերության, որ պակաս կարևոր չէ և խոստովանություն՝ դպրոցը պարզապես շենք չէ, այլ տուն, որտեղ սովորեցին առաջին տառերը, ձեռք բերեցին գիտելիքներ, ընկերներ, ստացան թևեր, որ կարողանան թռչել դեպի իրենց երազանքները։

«Չորս դժվար, բայց միևնույն ժամանակ ուրախ տարիներ, որոնց ընթացքում սովորեցինք գրել և կարդալ, հաշվել, լուծել խնդիրներ: Մեր առաջին ուսուցիչների հետ բացահայտումներ արեցինք, նոր գիտելիքներ ձեռք բերեցինք։ Սովորեցինք նաև ընկերներ լինել, հասկանալ և ներել միմյանց: Սիրելի՛ ուսուցչներ, դուք մեզ համար ոչ միայն դասեր եք տալիս, այլև սովորեցնում եք լինել բարի, աշխատասեր ու նպատակասլաց։ Ձեր ջերմ խոսքերը, համբերատարությունը, սերն ու հոգատարությունը միշտ մեր սրտերում են»,-ամփոփելով միջոցառումը՝ իրենց շնորհակալական խոսքում նշեցին աշակերտները։

4բ դասարանի դասվար Հասմիկ Սոսիկյանը շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին և ծնողական համայնքին ջերմության և աջակցության համար․պատվով հաղթահարեցին դժվարին 4 տարիները։ Նա իր սաներին մաղթեց, որ կրտսեր դպրոցի ավարտը նոր սկիզբ լինի նրանց համար, մնացած տարիներն էլ լինեն հեշտ հաղթահարելի, բարի նպատակներն ու ցանկությունները, որ ունի նրանց հետ կապված, դառնանա իրականություն։

«Գեղեցիկ, հուզառատ, գունեղ միջոցառում, որ փոխանցեց դրական հույզեր։ Կյանքի առաջին կարևոր փուլը հաղթահարված է, իսկ նոր փուլը թող խաղաղ ու արդյունավետ ընթանա»,-շնորհավորելով ավարտական դասարանի սաներին՝ նշեց ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը։ Նա իր դրվատանքի խոսքերն ուղղեց դասվարին՝ դժվարին ուղին անցնելու, բացառիկ ջանքերի, նվիրումի և հմտությունների համար։