ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փորձարարական ներկայացում՝ ուսանողների մասնակցությամբ
06.11.2019
Փորձարարական ներկայացում՝ ուսանողների մասնակցությամբ

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը, «Աիդա Արտ» թատրոնը և Պատանեկության ստեղծագործական կենտրոնը համատեղ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից ներկայացրին «Անուշ» երաժշտական դրաման՝ ըստ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի: Մշակութային միջոցառման նախաձեռնողները փաստում են՝ ստեղծագործության ընտրությունը պատահական չէ. տարին թումանյանական է:

Բեմադրության հեղինակ, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի համոզմամբ, ներկայացումը թե′ ռեժիսորական, թե′ կրթական տեսանկյունից փորձարարական է. բեմադրության մեջ թատրոնի դերասանների հետ խաղում են ուսանողներ և դեռևս մասնագիտություն չունեցող պատանիներ:

«Սա յուրատեսակ մեթոդ է՝ մասնագիտական փորձառությունը ուսումնական դասերով համեմելու. փորձերին զուգահեռ ունեցել ենք վարպետաց դասեր, որպեսզի ինչ-որ ձևով բեմադրության մասնակիցներին մոտեցնենք արվեստի ոգեղեն աշխարհին»,- փաստեց Աիդա Հովհաննիսյանն ու հավելեց՝ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները ցանկություն են հայտնել կրթություն ստանալ ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում:

«Կուլտուրայի ֆակուլտետը դարբնոց է, ցատկահարթակ դեպի բարձր արվեստ, դեպի նոր շունչ»,-նկատում է ռեժիսորների տասնյակ սերունդներ կրթած պրոֆեսորը:

Ռեժիսորն ուսումնասիրելով բազմաթիվ օպերային ներկայացումներ՝ համոզվել է, որ ստեղծագործությունը պետք է ներկայացնել նոր ձևաչափով, նոր մոտեցմամբ և լուծումներով՝ մեր ժամանակներին համահունչ: Դրամայի երաժշտական ձևավորումն ամբողջովին արվել է «Անուշ» պոեմի և օպերայի մոտիվներով՝ «Աիդա Արտ» թատրոնի դերասանների, ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ:

Աիդա Հովհաննիսյանն aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ դժվար էր նման բարդ ստեղծագործությունը ներկայացնել ուսանողների և ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ: Բեմադրության շուրջ երկար է աշխատել, իսկ արդյունքում կարողացել է գտնել համախոհների և մանկավարժական հմտությունների շնորհիվ պատանիների մեջ սերմանել սերը դեպի թատերարվեստ:

«Անուշ» երաժշտական դրաման՝ ըստ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի, առաջիկայում կներկայացվի նաև Գյումրիում ու Վանաձորում: