ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսոր Դոլուխանյանը մասնակցեց գրողների միջազգային համաժողովի
09.07.2019
Պրոֆեսոր Դոլուխանյանը մասնակցեց գրողների միջազգային համաժողովի

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում հուլիսի 4-5-ը տեղի է ունեցել Եվրասիական Միության երկրների մայրաքաղաքների գրողների միջազգային ֆորում: Հայաստանից ֆորումին հրավիրված էր մասնակցելու Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

Ֆորումին պրոֆեսոր Դոլուխանյանը հանդես է եկել «Ժամանակակից հայ գրականության հիմնական միտումները և համընդհանուր գրականությունը» խորագրով զեկուցմամբ՝ վստահեցնելով, որ դարավոր ավանդույթներ ունեցող հայ գրականությունն այսօր էլ պահպանում է իր մեծ հետաքրքրությունը դեպի բոլոր ազգերի գրականությունները՝ համամարդկային գրական երևույթներին մշտապես հաղորդակից լինելու իր տևական մղումով:

Նա այն կարծիքին է, որ նման համաժողովները մերձեցնում են տարբեր ազգերին, հնարավորություն ստեղծում սովորել մեկը մյուսից, հետևել կատարյալին և միասնական գնալ մարդկային ընդհանուր մտավոր ժառանգության կերտմանը. այդ տեսանկյունից գրողների համաժողովն իրականացնում է գրական ու պատմական մեծ առաքելություն: