ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսոր Ռուբերտ Ազարյանը նշում է ծննդյան 80-ամյակը
04.03.2021
Պրոֆեսոր Ռուբերտ Ազարյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանն 80 տարեկան է:

Հոբելյանական ցերեկույթին ներկա էին պրոֆեսորի գործընկերները, շրջանավարտներն ու ուսանողները: Նրանք իրենց շնորհավորական խոսքում կարևորեցին անվանի գիտնականի դերը հատուկ մանկավարժության, հատկապես տիֆլոմանկավարժության ոլորտում` գիտական աշխատություններից մինչև բազմաթիվ սերունդների դասավանդում:

«Դուք նշանակալի ավանդ ունեք մեր երկրում գիտության և մանկավարժության կարևորագույն ճյուղերից մեկի զարգացման գործում և Ձեր ներկայությամբ պատվում եք բուհը: Վաստակաշատ մանկավարժ եք, կենսախինդ մարդ, որը մեծ ճանաչում և հարգանք է վայելում և´ երկրում, և´ նրա սահմաններից դուրս»,-նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու քաջառողջություն մաղթեց Ռոբերտ Ազարյանին:
Ռեկտորը հատուկ կրթության ոլորտում և ՀՊՄՀ-ում ունեցած մեծագույն ավանդի համար անվանի գիտնականին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով:

Ռոբերտ Ազարյանի հոբելյանին նվիրված ձեռնարկը շարունակվեց գործընկերների, նրա տարբեր տարիների շրջանավարտների և ուսանողների շնորհավորանքներով:

«80 տարիների ընթացքում Ռոբերտ Ազարյանը թողել է հարուստ ու կարևոր հետագիծ` սերունդներ, որոնք պատվով են կրելու հարգարժան պրոֆեսորի մասնագիտական ուղղորդումը: Այսօր էլ նրա միտքն արթուն է, և նա ունի երկար տարիների աշխատանքային գործունեություն ծավալելու կամք ու եռանդ»,-նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը: Նա կարևորեց գիտնականի անցած ուղին ու անգնահատելի վաստակը և ընդգծեց` հոբելյանը հանրագումարի է բերում մարդու անցած ողջ աշխատանքային գործունեությունը:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանն էլ ներկայացրեց պրոֆեսորի գիտամանկավարժական ձեռքբերումները, անցած աշխատանքային ուղին ու անդրադարձավ հատուկ մանկավարժության ոլորտում նրա ունեցած մեծագույն ավանդին:

«Ռոբերտ Ազարյանի ուժը նրանում է, որ այն, ինչ ստեղծում է, ինչի մասին գրում և խոսում է, իր միջով է անցել. միայն նա ունի այդ կամքն ու ուժը: Դրել է նպատակներ և դրանց հասնելու ճիշտ ուղիներ սահմանել, արել ամեն ինչ, որ դյուրացնի ուսանողների և մանկավարժների ուսուցման գործընթացը` ստեղծելով բառարան, ձեռնարկներ, գրքեր և այլն: Մենք նաև պետք է օրինակ վերցնենք Ձեր կենսակերպից»,-նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու միացավ օրվա առթիվ հնչած մաղթանքներին:

Հայաստանի կույրերի միավորման և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ներկայացուցիչներն անդրադարձան նաև ֆիզկուլտուրայի ոլորտում Ռոբերտ Ազարյանի՝ չտեսնողների համար տարբեր մրցաշարերի կազմակերպման, ներդրման աշխատանքներին ու ձեռքբերումներին: Համար 14 հատուկ դպրոցի փոխտնօրեն Անդրանիկ Գրիգորյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է և իր կուրսընկերների անունից այսօր վստահեցրեց` պրոֆեսոր Ազարյանի սաներն այսօր իրենց ուրույն տեղն ունեն մեր երկրում հատուկ մանկավարժության մասնագիտական ոլորտում. շնորհակալ են և հպարտ, որ անվանի գիտնականի ուսանողն են եղել: Հնչեցին նաև գործընկերների և ուսանողների այլ շնորհավորանքներ ևս:

Ռոբերտ Ազարյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար և ընդգծեց, որ բուհի ղեկավարությունն արել է հնարավորը մասնագիտության կայացման համար: Նաև դրա շնորհիվ է, որ Ֆակուլտետն այսօր մեծ ճանաչում ունի ՌԴ-ում և Ուկրաինայում, իսկ հրատարակած աշխատանքները` ամբողջ աշխարհում: