Մանկավարժական համալսարանում կայացավ «Я памятник себе воздвиг нерукотворный» խորագրով ներկայացման առաջնախաղը, ռեժիսոր, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի բեմադրությամբ։
Ներկայացումը նվիրված էր Ռուսաստանի օրվան և Ա. Ս. Պուշկինի ծննդյան 225-ամյակին։ Ներկա էին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մտավորականներ, պուշկինյան պոեզիայի սիրահարներ, հյուրեր, ուսանողներ։
Ներկայացումը կառուցված էր Պուշկինի պոեզիայի վրա․ նրա գրական ահռելի ստեղծագործություններից ընտրվել էին հատվածներ, որոնք բեմադրող ռեժիսորի ստեղծագործական երևակայության և արհեստավարժության շնորհիվ դարձել էին մեկ ամբողջություն։
Ներկայացման մասնակիցները ռեժիսուրա բաժնի 1-ին կուրսի ուսանողներն էին, որոնց աջակցել էր նաև Ռուսաց լեզվի բաժնի երեք ուսանող։ Ապագա ռեժիսորներն իրենց խաղով կարողացան պահել և հանդիսատեսին փոխանցել պուշկինյան պոեզիայի հուզականությունն ու զգացմունքայնությունը։ Ռուս գրականության հսկան ներկայացավ յուրովի՝ աբովյանականների մատուցմամբ ու խաղով, պարգևեց անմոռանալի զգացողություններ, որ կարծես մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Պուշկինի պոեզիան 225 տարի անց էլ արդիական է ու հավերժ։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար։ Նա վստահ է, որ ներկաները մեծ բավականություն ստացան՝ վայելելով Պուշկինի հրաշալի պոեզիան նույնքան հաճելի երաժշտության և ուսանողների տաղանդի համադրմամբ։
Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բեմադրող ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանին․ նրա և նրա նմանների ստեղծագործական ճաշակի ու տաղանդի շնորհիվ են ապրում երևելիներն ու նրանց ստեղծագործությունները։
«Եվս մեկ անգամ համոզվեցինք, թե մշակույթը որքան կարող է մտերմացնել մարդկանց, ազգերին․ բոլորս զգացինք, թե ինչպես դահլիճը և բեմը մեկ ամբողջական օրգանիզմ էին»,-նշեց ՌԴ դեսպանն ու խոստովանեց, որ ներկայացումը դիտելուց հետո ցանկություն է առաջանում ապրել, աշխատել՝ ի բարօրություն երկու ժողովուրդների հարաբերությունների։
Պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանն իր այս նախաձեռնությանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպանատանը, Մանկավարժական համալսարանին և ուսանողներին։ Վերջիններս թեև առաջին կուրսում են և շատ լավ չէին տիրապետում ռուսերենին, սակայն այսօր խոսեցին պուշկինյան հրաշալի լեզվով։
«Պոեզիա խաղալը շատ հաճախ չեն հաջողում նույնիսկ պրոֆեսիոնալները։ Պուշկինը ռուս ժողովրդի խիղճն է, իկոնան, ինչպես մեր Թումանյանը․ նրանք ընդհանուր շատ բաներ ունեն»,-իր խոսքում նշեց ներկայացման ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանն ու հորդորեց չմոռանալ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արմատները ձգվում են դեպի դարերի խորքը։
Ներկայացման առաջնախաղի առթիվ շնորհավորեցին նաև Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը, հանդիսատեսները։ Ուրախ են, որ Մանկավարժականում նշում են Ռուսաստանի օրն ու ռուս գրականության հսկայի 225-ամյակը, ում կյանքն ու ստեղծագործությունները շարունակում են հետաքրքրել եկող սերունդներին։