ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քաղաքագիտական լսումները շարունակվում են
28.11.2017
Քաղաքագիտական լսումները շարունակվում են

Մանկավարժական համալսարանում կայացավ քաղաքագիտական լսումների հերթական հանդիպումը:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը հանդես եկավ «Հայաստանի առաջին հանրապետության ազգային-պատմական նշանակության այժմեականությունը» թեմայով զեկուցմամբ՝ նկատելով, որ դա պատմական անցյալ չէ.«Արցախյան ազատարամարտն ու Հայաստանի 3-րդ հանրապետության հռչակումն ապացուցեցին, որ Հայաստանը արտաքին քաղաքական իմաստով հայտնվեց այն կոորդինատների մեջ, որն ընդհատվել էր ռուս-թուրքական ագրեսիայի արդյունքում: Չի կարելի է պատմական անցյալը կորցնել, այլ դրա հենքի վրա պետք է շարունակել»:

Բանախոսը ընդգծեց, որ Արցախյան հարցին հետևեց տարածքների ազատագրումը, որի արդյունքը եղավ նաև նոր՝ անկախության սերնդի ծնունդ: Լևոն Շիրինյանը վստահ է՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը ազգային-ազատագրական պայքարը վերածեց անկախության և ինքնիշխանության պահպանման պատերազմի, որի հենքը Առաջին հանրապետությունն էր.«Եվրոպական Միության հետ ճանապարհի բացումը ևս այդ սերնդի շնորհիվ կազմակերպվեց. ապացուցվեց, որ մեր երկիրն ունի նաև եվրոպական վեկտոր»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկիրը պետք է արդիականացման որոշակի փուլ անցնի և հստակ հասկացվի, որ Հայաստանը չունի իրական դաշնակիցներ. պետությունը պետք է կայացվի ներքին ռեսուրսների և Սփյուռքի շնորհիվ.«Այս ամենը հնարավոր է գիտաարդյունաբերական համալիրի ստեղծման, կրթության վերականգնման և մշակութային Հայաստանի ստեղծման շնորհիվ միայն: Սա պատմական դաս է, որ բխում է Առաջին հանրապետության փորձից, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները պարտադրում են ապագայի մարտահրավերին դիմակայել սեփական ուժերին հենված»,-հավելեց Լևոն Շիրինյանը՝ ապագա քաղաքագետների հետ հանդիպման ընթացքում: