ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քարոզ-մրցույթ՝ «Յուրաքանչյուր երեխա ապրելու իրավունք ունի»
01.06.2018
Քարոզ-մրցույթ՝ «Յուրաքանչյուր երեխա ապրելու իրավունք ունի»

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա քարոզ-մրցույթը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:

«Յուրաքանչյուր երեխա ապրելու իրավունք ունի» խորագրի շուրջ Սկզբնական կրթության և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների շուրջ 17 ուսանող ներկայացրել էր իր խոհերը, համոզմունքները երեխաների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ:

Ապագա մանկավարժներն ընդգծեցին, որ աշխարհն արդեն իսկ ընդունել է՝ երեխան ունի ապրելու իրավունք, սակայն ծնվել և գոյություն ունենալ դեռ ապրել չէ: Երեխաները նման են սերմի, որն ընկնում է հողում և ունի ծլարձակելու ու պտուղ տալու բոլոր հնարավորությունները. պետք չէ զրկել նրանց այդ իրավունքից:

Ներկաներին ուսանողները վստահեցրին, որ երեխաների հանդեպ սերն անհրաժեշտություն է. դրանից նրանք կհամոզվեն՝ իրենց ծնվելով ուրախացրել են շատերին, հատկապես՝ ծնողներին:

Անհատ-անձ-անհատականություն բուրգի գագաթից դիտողություններ անելու, արգելքներ սահմանելու, պարտադրելու փոխարեն ուսանողներն առաջարկում են ցուցամատն ուղղել դեպի արևն ու օգնել երեխաներին հաղթահարել դժվարություններն այն մեծ համոզմունքով, որ չկան նույն մտածողությամբ միանման երեխաներ. «Մանկությունը հենց կյանքն է, որ այդ պահին ապում են երեխաները»:

Քարոզ-մրցույթի մասնակիցները հորդորում են հետևել Թոմաս Ջեֆերսոնի՝ «Քարոզ պետք է լինի մեր կյանքը, ոչ թե խոսքերը» մտքին և հավատացած են, որ լավագույն ուսուցիչը հենց ինքը կյանքն է: Խոսքը գործի վերածելու ճանապարհին նրանք կոչ են անում սկսել կարևորներից՝ օգնել երեխաներին, որ նրանք նմանվեն ոչ թե մեծերին, այլ հենց իրենց, իմանալ իրավունքներն ու չմոռանալ պարտականությունները, վայելել ներկան և պատրաստել ապագային:

«Մեզնից շատերն աշխատում են երեխաների հետ և կոչված են պաշտպանելու նրանց իրավունքները, ուստի կարող ենք ասել՝ սա իսկապես մեր բոլորի տոնն է»-նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու հավելեց, որ քարոզ-մրցույթը ինտերակտիվ մեթոդ է, ուր ուսանողները միջոցառման սուբյեկտներից են:

Պրոֆեսորը վստահեցրեց, որ սա ազատ կարծիք արտահայտելու, ընկերոջ աշխատանքը գնահատելու, լսարանի առջև հանդես գալու յուրահատուկ հնարավորություն է և հորդորեց հետագայում կատարելագործել դրանց որակը՝ շեշտադրելով հռետորական կողմը:

Մրցույթի ավարտին ժյուրին ընտրել «Ամենահուզիչ քարոզ» անվանակարգում ընտրեց ԿՀՍ-ի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Մերի Դալլաքյանի, «Հանդիսատեսի համակրանք»-ում՝ նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողնուհի Գայանե Ավետիսյանի աշխատանքները, իսկ Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից «Ամենաբարի քարոզ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս նելլի Քոչինյանը:

Մրցույթում 1-ին տեղի հավակնող աշխատանք չառանձնացվեց, իսկ 2-րդ և 3-րդ տեղերում ընտրվեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհիներ Անի Սարգսյանի և Էմմա Սարգսյանի աշխատանքները: