ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քնապարկեր` հայրենիքի սահմանապահներին
13.10.2020
Քնապարկեր` հայրենիքի սահմանապահներին

«Մենք մեծ սիրով ենք կատարում այս աշխատանքը, բայց ամեն քնապարկ ավարտելիս մտքում կրկնում ենք` երանի պատերազմը շուտ ավարտվի և դրա անհրաժեշտությունն այլևս չլինի»,-aspu.am-ի հետ զրույցում նշում է Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հագուստի մոդելավորման բաժնի 4րդ կուրսի ուսանողուհի Սեդա Հակոբյանը:

Նա մեկն է մի քանի տասնյակ այն ուսանողներից, որոնք այս օրերին իրականացնում են կարևոր աշխատանք և, դասախոսների ղեկավարմամբ, կարում քնապարկեր առաջնագծի զինվորների համար:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ընդգծեց, որ սա տարբեր աջակիցների, ֆակուլտետի դասախոսների, ուսանողների ջանքերով իրականացվող համատեղ ծրագիր է:

«Այս միջավայրում էլ ուսանողն է զինվորը, որ մինչ ուշ երեկո արվեստանոցում է` հանուն մեկ նպատակի` հաղթանակի»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց` մի շարք ձեռնարկների կողքին սա էլ յուրատեսակ ներդրում է առաջնագծի զինվորների աջակցության գործում:

Դիզայներ Հռիփսիմե Մարոնյանը գործընթացը համակարգող դասախոսներից է: aspu.am-ի հետ զրույցում նշեց`ուսանողական արվեստանոցներում աշխատում են ինչպես իսկական արտադրամասերում` գծային տարբերակով` ձևվածք, կար, ընթացիկ այլ աշխատանք և վերջնական արդյունք:

Անվանի դիզայներ, Կերպարվեստի ամբիոնի դասախոս Արամ Նիկոլյանը վստահեցնում է` յուրաքանչյուր աշխատանք իրականացվում է դասախոսների անմիջական ղեկավարմամբ: Երեք-չորս գործողությունների արդյունքում ստեղծված պատրաստի արտադրանքը լիովին համապատասխանում է քնապարկի համար սահմանված բոլոր չափանիշներին:

«Աստված տա, որ հայրենիքի սահմանները շուտ խաղաղվեն, բայց մենք պատրաստ ենք ապահովել քնապարկերի այնքան քանակ, որքան կլինի դրա անհրաժեշտությունը»,-նշեց Արամ Նիկոլյանն ու հավելեց` շուրջ 80 քնապարկ արդեն ուղարկվել է առաջնագիծ:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանում շարունակվում են Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության շրջանակներում ամենատարբեր ձեռնարկները: