ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի և ԲՊՀ Լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Հայագիտության և լեզվաբանության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով։
Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացած գիտաժողովին մասնակցում էին ոլորտի մասնագետներ ՀՊՄՀ-ից, ԲՊՀ-ից, ԵՊԲՀ-ից, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտից, ՌԴ-ից, Բելառուսից, Գերմանիայից և Իրանից։
Բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն ու նկատեց՝ նման գիտաժողովները մերձեցնում են հանրապետության և արտերկրի բուհերի մասնագետներին, լուծում լեզվաբանական կնճռոտ մի շարք խնդիրներ՝ հօգուտ հայրենական և արտասահմանյան լեզվաբանության։
Մասնակիցներին ողջունեցին նաև բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Լեզվաբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Վելյանն ու ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Լալիկ Խաչատրյանը։
Դոցենտ Կարեն Վելյանը մասնավորապես կարևորեց արտերկրի մասնագետների մասնակցությունը՝ գիտաժողովին հաղորդելով աշխարհագրական լայն տարածվածություն։
Լիագումար նիստին զեկույցով հանդես եկավ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով «Լեզվաապայագիտություն» թեմայով զեկույցը, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ հայերենի լեզվաանվանակերտ -արեն ածանցի բառակազմական արժեքին, իսկ պրոֆեսոր Կարինե Աբրահամյանը՝ լեզվական կարգայնացմանը։
Գիտաժողովը շարունակվեց 3 մասնաճյուղերում՝ Հայագիտությունը 21-րդ դարում, Զուգադրական լեզվաբանություն, Հանրալեզվաբանություն և ճանաչողական լեզվաբանություն։
Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, գնահատելով գիտաժողովի աշխատանքները, aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ հնչած զեկուցումները կարելի է որոշակի ներդրում համարել հայերենագիտության և լեզվաբանության տարաբնույթ հարցերի ուսումնասիրության բնագավառում։
Գիտաժողովի նյութերը լույս կտեսնեն առանձին ժողովածուով։