ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբազմազանության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» ուսանողական գիտագործնական գիտաժողով։
Հիշեցնենք՝ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, որ միտված է գլոբալ կենսաբազմազանության պաշտպանությանն ու կարևոր ուղենիշ է բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։
Գիտաժողովին ներկա էին ոլորտի մասնագետներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, նաև դպրոցականներ։
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը նշեց՝ Հայաստանում Մանկավարժականը միակ բուհն է, որի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվում է կենսաբազմազանությանը նվիրված գիտական ձեռնարկ։
«Կենսաբազմազանության արդի հիմնախնդիրներ» դասընթացը ներառված է կենսաբան-մագիստրոսների ուսումնառության գործընթացում․ համաժողովին ընդառաջ անցկացվող գիտաժողովն էլ միտված է լրացնելու էկոլոգիական կրթության և դաստիարակության մասով բացն ու հասարակությանը ներկայացնել աշխարհում և Հայատանում տեղի ունեցող գործընթացները, հիմնախնդիրները։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը կարևորեց ուսանողական ձեռնարկն ու վստահեցրեց՝ երիտասարդ հետազոտողներից ևս շատ բան ունեն սովորելու․ սա է զարգացման ճանապարհը։ Նա կարևորեց նաև բուհ-դպրոց համագործակցությունն ու նկատեց՝ այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ դպրոց և կայացած կրթական համակարգ․ այդ համատեքստում Մանկավարժական համալսարանի դերն ու գործունեությունն ահռելի է․«Վստահեցնում եմ՝ այս ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական․ ուսանողական գիտաժողովները պետք է լինեն քննարկումների կարևոր հարթակ։ Եղեք նախաձեռնող և ձեր մասնակցությունն ունեցեք գիտության զարգացման կարևորագույն գործում․ այդ առումով կարևոր է նաև մասնակցությունը Կենսաբազմազանության կողմերի համաժողովին»,-նշեց պրոռեկտորը։ Նա հույս հայտնեց, որ հետազոտական ուղղությունը զարգացնելու առումով բուհի ձեռնարկած քայլերը կտան դրական արդյունք:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց նաև Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Նա կարևորեց ուսանողական ձեռնարկն ու հատկանշական համարեց այն, որ գիտաժողովին ներկա են նաև նախկին շրջանավարտներ, ուսուցիչներ և ամենակարևորը՝ դպրոցականներ․«Մանկավարժական համալսարանի ձեռնարկները միտված են ուժեղացնելու դպրոցը, բավարարելու դպրոցականների գիտական հետաքրքրությունները, ուսուցիչների ժամանակակից պահանջմունքները, ինչպես նաև ապագա ուսուցիչների մոտ զարգացնելու հետազոտական բաղադրիչը»,-նշեց նա
Ուսանողական գիտագործնական գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիային ու բնության պահպանության գործում դրա նշանակությանը, պահպանության հիմնական սկզբունքներին և խնդիրներին, ժամանակակից կենսաբազմազանության վրա ազդող բնական ու մարդածին գործոններին, ՀՀ-ում դրա պահպանության հիմնախնդիրներին։ Բացի այդ, ապագա կենսաբանները ներկայացրին սեփական հետազոտությունները՝ էկոհամակարգերի և տեսակային բազմազանության փոխազդեցության, Սևանա լճին և դրա պահպանության հիմնախնդիրների, Հայաստանի բույսերի բազմազանության վրա ազդող գործոնների, շրջակա միջավայրի աղտոտման, կլիմայական գլոբալ փոփոխությունների ազդեցություններին և այլն։ Ներկայացվեց նաև Էկոլոգիական կրթության դերը կենսաբազմազանության պահպանման գործում։
Բանախոսներն ընդգծեցին՝ ՀՀ-ում կենսաբազմազանությունը կանգնած է լուրջ խնդիրների առջև․նրանք կարևորեցին կանխարգելման և դրանց լուծմանը միտված գործընթացները,ինչպես նաև նշեցին՝ դրա կարևոր դերակատարումն ու ապագա սերունդներին կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներից և բնական միջավայրից չզրկելու համար գործընթացին մասնակցությունը։
Պրոֆեսոր Պիպոյանը, ամփոփելով գիտաժողովը, նշեց՝ չնայած տասնամյակներ շարունակ գործող օրենքի, ցավոք, մեր երկրում այսօր էլ էկոկրթությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում։ Հուսով է՝ գիտաժողովը կավելացնի շրջակա միջավայրի վերաբերյալ ուսանողների և աշակերտների գիտելիքները, իսկ ապագա ուսուցիչները, կարևորելով այդ խնդիրների վերհանումը, դրանց կանդրադառնան նաև դասավանդման գործընթացում։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։