Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Հասարակական խորհրդի նախագահ Ալեքսեյ Լուբկովի ղեկավարությամբ անցկացվեց խորհրդի նիստ, որին մասնակցում էին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը և բազային կազմակերպության՝ ԱՊՀ երկրների մանկավարժական կադրեր պատրաստող բուհերի ղեկավարները, այդ թվում նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Խորհրդի նիստն անցկացվեց ինչպես առերես, այնպես էլ առցանց տարբերակով։
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի՝ որպես բազային կազմակերպության՝ 2023 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը։ Նա իր գոհունակությունը հայտնեց առաջին կիսամյակի աշխատանքների վերաբերյալ՝ մասնավորպես մանկավարժական բուհերի համագործակցության, կրթական համակարգում տարաբնույթ միջոցառումների ու նախաձեռնությունների կազմակերպման և մասնակցության համար, որոնք միտված են եղել երիտասարդ մանկավարժների մասնագիտական աճին, մանկավարժական կադրերի պատրաստման որակի բարձրացման հարցերին, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմանը։ Ռեկտորն ընդգծեց՝ 2023 թվականին անցկացված մանկավարժական երիտասարդ կադրերի պատրաստման, նրանց մասնագիտական աճի խնդիրներին նվիրված ֆորումին մասնակցել են Խորհրդի անդամ բոլոր 13 մանկավարժական բուհերի ներկայացուցիչները, երիտասարդ դասավանդողներ Հայաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, ՌԴ-ի այլ հաստատություններից։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՌԴ-ի մասնագիտական կրթական համակարգում կատարված փոփոխությունների պիլոտային ծրագրին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մասնակցությանը։ Հարցը ներկայացրեց ռեկտորի խորհրդական Լյուդմիլա Տրուբինան։
2023 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքների կազմակերպման պլանը զեկուցեց Խորհրդի քարտուղար Էդուարդ Նիկիտինը, որից հետո մասնակիցները քննարկեցին Հասարակական խորհրդի՝ մանկավարժական կադրերի պատրաստման խնդիրները։ Գործընկեր բուհերը ներկայացրին համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես, զեկուցվեցին «ԱՊՀ երկրներում մանկավարժական կադրերի պատրաստման որակի ուսումնասիրման մոնիտորինգի կազմակերպում․ համագործակցության փորձ և հեռանկարներ» գիտագործնական կոնֆերանսի, ԱՊՀ մանկավարժական բուհերում ռուսաց լեզվի միջազգային փառատոնի անցկացման, «ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի, որպես ոչ մայրենի (օտար) լեզվի դասավանդման խնդիրների արդյունավետ կրթական լուծումներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսի, «ԱՊՀ երկրների մանկավարժական բուհերում ռուսաց լեզվի դասավանդման լավագույն փորձ» միջազգային մրցույթի կազմակերպման ընթացքի մասին և այլ հարցեր։