ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների մասնակցությամբ
16.12.2019
Քննարկում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների մասնակցությամբ

«Երբևէ չեմ մտածել, որ չլսելը ծանր բան է. ես վստահ եմ, որ Աստված ինձ համար պարզապես այլ ճանապարհ է ընտրել: Բոլորս էլ լիարժեք և միմյանց նման մարդիկ ենք, պարզապես նույն ճանապարհը մենք դժվար ենք անցնում»,-պատմելով իր կյանքի հաջողված դրվագների մասին՝ նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակոլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գրետա Ավագյանը:

Դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առթիվ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը կազմակերպել էր «Կենդանի գրադարան» խորագրով ուսանողական տեղեկատվական քննարկում:

Քննարկմանն ակտիվ մասնակցեցին ֆակուլտետի հաշմանդամություն ունեցող ուսանողները: Նրանք իրենց դժվարհաղթահարելի խնդիրների հաջողված պատմություններով ներկաներին ևս մեկ անգամ վստահեցրին՝ հասարակությունը հաշմանդամություն ունեցողներին կընդունի միայն այն ժամանակ, երբ այդ անձը ինքն ընդունի, որ իր խնդիրն ունի բազում լուծումներ: Նրանց կարծիքով՝ հասարակությունից շատ բան սպասել պետք չէ, հենց իրենք պետք է ուղղորդեն հասարակությանն ու բարձրացնեն իրազեկված լինելու մակարդակը:

Հաջողված պատմություններից բացի, նրանք խոսեցին նաև խախտված իրավունքների, մի շարք խնդիրների մասին՝ թեքահարթակների, սուրդոթարգմանիչների բացակայությունից մինչև կրթություն ստանալու ընթացքում հանդիպող մի շարք այլ խոչընդոտներ: Նրանցից շատերն ակտիվ գործունեություն են ծավալում նաև այլ ոլորտներում. մեկը լողի աշխարհի եռակի չեմպիոն է, մյուսը Հայաստանի կույրերի ֆուտբոլի հավաքականի թիմի ավագ և այլն:

«Ես պատրաստ եմ հասկանալ և լինել հասկանալի», «Դեմ եմ մեկուսացմանը», «Չափից դուրս ուշադրությունը երբեմն խագարում է». այս և այլ կարգախոսներով են առաջնորդվում հաշմանդամություն ունեցող այն ուսանողները, որոնք սովորում են Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում:

Միջոցառման նախաձեռնող դասախոս Սիփան Ասատրյանը բազմիցս տարբեր ձեռնարկների ժամանակ կիսվել է իր հաջողված փորձով, այս անգամ առավել վստահ ու հաղթահարած նշեց՝ իր կյանքը անընդհատ կառուցվող շենքի է նման՝ մի հարկը մյուսի վրա շարունակ բարձրացող: Նա այն կարծիքին է, որ ամեն  մի հաջողված պատմություն «կենդանի գրադարան է», որ կարող է հարստացնել յուրաքանչյուրի գիտելիքներն ու գրադարանը:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը վստահ է, որ նման ձևաչափերով հանդիպումներն ու քննարկումները հավասար իրավունքների ճանապարհ հարթելու յուրօրինակ ձև են:

«Յուրաքանչյուրիդ հաջողված փորձը ձեր իսկ հաջողության բանաձևն է, որը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու՝ հենց դուք պետք է կերտեք հասարակությունը: Ամեն պատմության մեջ լույս կա, ինչը ոգևորության, հպարտության զգացողություն է հաղորդում»,-նշեց Սիրանուշ Կարապետյանն ու ներկաներին հորդորեց սիրո և գիտելիքի միջոցով կառուցել առողջ և իրազեկ հասարակություն: