ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկումներ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ
20.11.2024
Քննարկումներ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ

Մանկավարժական համալսարանում էր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերթ Փախլերը։

Նա բուհում էր ծանոթանալու «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերի կազմում ընդգրկված հաստատության կրթական ծրագրերին, դասավանդման մեթոդաբանությանը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և մանկավարժության ոլորտի բարեփոխման ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կրթական կլաստերի համակարգող Լիլիթ Պետրոսյանը, բուհի ղեկավար, դասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին աջակացելու համար և վստահեցրեց՝ բուհի ղեկավարությունն անում է հնավորը՝ համալսարանական համայնքին իրազեկելու նախագծի առանձնահատկություններին։ Նա հույս հայտնեց, որ հանրության շրջանում դրական վերաբերմունք կձևավորվի նախագծի վերաբերյալ, իսկ Մանկավարժականում պատրաստ են բուհերի երկխոսությանը։

Հանդիպման ընթացքում Նորբերթ Փախլերն ներկայացրեց բուհերի խոշորացման իրենց փորձառությունը, անդրադարձավ Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի և համալսարանական քոլեջի միավորմանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսվող համագործակցության շրջանակներին։ Նա ընդգծեց՝ տարիներ առաջ սկսված գործընթացն ամբողջացման կարիք ունի, իր խորհրդատվությունները միտված են նպաստելու բուհերի միավորման սահուն գործընթացի իրականացմանը։

Նորբերթ Փախլերի դիտարկմամբ՝ համալսարանների միավորումը բարդագույն գործընթաց է՝ հաշվի առնելով մասնագիտությունների տարբերությունը, հետազոտական աշխատանքի բարդությունը, կառավարչական, տեխնոլոգիական խնդիրներ, ուսանողական համայնքի տարբերությունը և այլն։

Նա հետաքրքրվեց մասնակիցներից ծրագրի առավելությունների և հնարավոր ռիսկերի մասին, ծրագրի բարեհաջող ընթացքին միտված նախապատրաստական աշխատանքների մասին։

«Ակադեմիական քաղաք»-ի հատակագծում ներկայացվող ենթակառուցվածքները կբարձրացնեն ՀՀ-ում բարձրագույն կրթության գրավչությունը, այն կդառնա միջգիտակարգային և միջմշակութային հաղորդակցության հարթակ, բուհերի խոշորացումը, մասնագիտական կրթական ծրագրերի միավորումը հնարավորություն կտան իրացնելու աշխատաշուկայում, տնտեսության մեջ անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստման պետության քաղաքականությունը, այն կնպաստի համընդհանուր ներառականացմանը, մանկավարժական հետազոտությունների իրականացմանը՝ իրենց խոսքում նշեցին հանդիպման մասնակիցները։ Նրանք հավելեցին՝ ծրագրի շնորհիվ նախատեսվող լաբորատորիաները, նյութական ռեսուրսները կապահովեն կրթության հետազոտահենությունը, կրթության շարունակականությունը, ուսանողների միջազգային շարժունությունը, սովորողների կարիերայի պլանավորման կանխատեսելիությունը, հնարավորություն կստեղծվի կրթությունն իրականացնել արտադրության մեջ և հակառակը։

Ներկայացվեցին նաև հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ ՀՀ ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը Ակադեմիական քաղաքի կոնցեպտին, կրթական ծրագրերի և գործընթացների կազմակերպման բովանդակային կողմի հստակության պակասը, գնահատման չափանիշները և այլն։

Հանդիպմանը ներկա Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանն ընդգծեց՝ «Ակադեմիական քաղաք»-ի շրջանակներում իրականացվելիք մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտությունը․ պատրաստ են աջակցել ծրագրի բարեհաջող մշակմանն ու իրականացմանը։

Մանկավարժական համալսարան կատարած այցի շրջանակներում հյուրերը եղան նաև բուհի մասնաշենքերում, ծանոթացան ենթակառուցվածքներին, լաբորատորիաններին, արվեստանոցային կրթության առանձնահատկություններին, այցելեցին Հայ պարարվեստի պատմության  բացառիկ թանգարան, նաև բուհի կառույցում գործող եզակի՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ, ծանոթացան գործունեությանն ու ուսումնասիրություններին։