ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկումներ KPI4HE-ի ծրագրի շրջանակներում
08.04.2025
Քննարկումներ KPI4HE-ի ծրագրի շրջանակներում

Այսօր ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի շրջանակներում։

Ծրագրի կազմում ընդգրկված բուհի գործընկերներին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգ» նախագիծը։

Հայեցակարգի նպատակն է մշակել և ներդնել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում «Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ)» հիմքերը՝ ապահովելով կրթության որակի բարելավում, հաշվետվողականություն և արդյունավետ կառավարում։ Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, միջազգային փորձը, առաջարկվող լուծումներն ու ակնկալվող ազդեցությունը։

Ինչպես նշեց Մարիաննա Հարությունյանը՝ վերջին տասնամյակներում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվել են տարբեր բարեփոխումներ, սակայն հաշվետվողականության և որակի ապահովման մեխանիզմները պահանջում են համակարգային վերանայում։

Խոսելով միջազգային փորձի մասին՝ պրոռեկտորը նկատեց՝ առանցքային ցուցանիշների ներդրումը նպաստում է բարձրագույն կրթության արդյունավետ պլանավորմանը, իրագործմանը, գնահատմանը, ՀՀ բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանն ու մրցունակության բարձրացմանը։

Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց՝ ԳԱՑԱՇ-ի մշակման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում․ աշխարհում կան տարբեր մոդելներ, իրենք ընտրել են իռլանդականը, որն առավել մոտ է իրականացվող բարեփոխումերին։

Պրոոռեկտորը մանրամասն ներկայացրեց ԳԱՑԱՇ-ի խնդիրներն ու նպատակները, խոսեց առաջարկվող լուծումների մասին և հույս հայտնեց, որ փաստաթուղթը կնպաստի մեր երկրում բարձրագույն կրթության արդյունավետ կառավարմանը, հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային մակարդակին համապատասխանության ապահովմանը՝ հաշվի առնելով կրթական կառավարման ժամանակակից պահանջները, ներառական, «կանաչ» կրթության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում․ եղավ հարց ու պատասխան։

Հիշեցնենք, որ ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն օրերս է վերադարձել Իտալիայի Ջենովայի համալսարանից։ Այցի նպատական էր ծանոթանալ Էրազմուս+ KPI4HE ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Ջենովայի (Իտալիա), Օլդենբուրգի և Դրեզդենի (Գերմանիա) համալսարաններում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշներին, բուհերի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորմանը, ազգային KPI նպատակներին դրանց համապատասխանեցման ընթացակարգերին, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (HEMIS) ներդրման և կիրառման գործընթացներին։