ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեց ֆինանսական կրթության կարևորությունը
28.12.2022
Քննարկվեց ֆինանսական կրթության կարևորությունը

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ Արմենուհի Մկրտչյանի, Արաքս Մանուչարյանի և Լուսինե Ներսիսյանի հետ:

Վերջիններս ներգրավված են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ուսուցիչների վերապատրաստման ծրագրում, որի աշխատանքները 2019-2021 թվականներին համակարգել է Մանկավարժական համալսարանը՝ նպաստելով վերապատրաստումների առցանց կազմակերպմանը։

Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Նաիրա Սաֆարյանը, ինչպես նաև ծրագրի համակարգող, ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում ԿԲ-ի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Արաքս Մանուչարյանը անդրադարձավ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին, զարգացումներին և արդյունքներին։

Ռեկտոր Գևորգյանը, որը ժամանակին համակարգել է ծրագրի ուսումնամեթոդական մասը, նկատում է՝ այն լուրջ փորձառություն էր և հաջողված փորձ՝ ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների վերապատրաստումներն իրականացնելու առումով։

Ի դեպ, ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 1053 դպրոցի 7028 ուսուցիչ․ ֆինանսական կրթությունը ներառել է 7 ոլորտ, որոնց իրականացման համար ընտրվել է 4 առարկա՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հասարակագիտություն», «Հանրահաշիվ»։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան մեկ այլ՝ «Ֆինանսական կրթությունը ուսանողների հետ» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը, բուհի գործառույթներին, համապատասխան դասընթացում դրա ինտեգրմանն ու ուսանողների ներգրավածության անհրաժեշտությանը։

Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արմենուհի Մկրտչյանն այս առումով կարևորեց մանկավարժական բուհի հետ համագործակցությունը, պրակտիկ և կիրառելի մոդելի մշակումն ու ներդրումը, ուսուցչի՝ որպես ֆինանսական կրթության մասնագետի պատրաստումը։

Բանախոսն ընդգծում է՝ ի վերջո, զարգացող դարաշրջանում կարևոր է ձևավորել քաղաքացի, որը կկարողանա արդյունավետ կառավարել իր անձնական ֆինանսները, ընդունել ֆինանսապես արդարացված որոշումներ։

Ծրագրի համակարգող Ռիտա Գևորգյանը նկատում է՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը հաջողեց համատեղ աշխատանքի ու փոխգործակցության շնորհիվ․ կարծում է, որ նոր ծրագրում պետք է վերանայվի բովանդակային մասը՝ կիրառելի դարձնելով ուսանողների շրջանում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության և ծրագրի հնարավոր իրականացման վերաբերյալ։