ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին ակադեմիական ազնվության հարցերը
03.04.2019
Քննարկվեցին ակադեմիական ազնվության հարցերը

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետում կազմակերպվել էր հանդիպում օտարազգի հետազոտողների հետ՝ դասախոսների և ուսանողների հետ քննարկելու ակադեմիական ազնվության հարցերը և արդի հիմնարար սկզբունքները: 

Մեծ Բրիտանիայի Քովենթրի համալսարանի ուսանողների գիտաուսումնական գործունեության կառավարման պատասխանատու դոկտոր Իռեն Գլենդինինգի, ՏՏ ոլորտի ինժեներ, Չեխիայի Բռնո քաղաքի Մենդել համալսարանի հետազոտող Դիտա Դլաբոլովայի և «ԱԿՈՍ» մշակութային ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Տոնոյանի հետ հանդիպմանը ներկայացվեց կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները ակադեմիական ազնվության և դրա ապահովման հարցում:

Դոկտոր Գլենդինինգը ներկայացրեց իր կողմից համակարգվող խմբի իրականացրած հետազոտությունները, որոնք ներառում են 27 եվրոպական երկրների համալսարաններ և այլ ուսումնական հաստատություններ:

Հետազոտության թիրախային խմբերը կազմվել են ուսանողական, դասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներից, որոնք երկարատև ժամանակահատվածով ներգրավվել են համապատասխան հարցումներում, հարցազրույցներում և այլ ձևաչափով իրականացված հետազոտական աշխատանքներում: Ուսումնասիրության նպատակն էր պարզաբանել ոլորտում առկա ակադեմիական ազնվությանն առնչվող հիմնական խնդիրները, դրանց վերաբերյալ իրազեկվածության, դրանց վերացման և իրավիճակի արդյունավետ կառավարման կիրառվող մեխանիզմները:

Հետազոտության արդյունքում ձևավորվել է մոտ 25 հաստատություններից կազմված ցանց, որը շարունակաբար իրականացնում է հետազոտության տրամաբանությամբ սահմանված քայլերը՝ փաստահավաք, վերլուծական և գործընթացների կառավարման տեսանկյուններից: Հետազոտությունն ստացել է ոլորտի համաեվրոպական փորձագետների և համապատասխան պաշտոնական մարմինների հավանությունը:

Փորձագետը հստակեցրեց առկա հիմնախնդրի առանձնահատկությունները, տերմինաբանությունը, դրանց ընկալման և իրազեկման արդյունավետ ճանապարհները՝ ներկաների շրջանում համապատասխան հարցումներ և հարցուպատասխանանցկացնելու միջոցով:

Խումբը ցանկություն հայտնեց նման հետազոտություն իրականացնել Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողների հետ: Ներկա ուսանողները մեծ ոգևորությամբ արձագանքեցին առաջարկին և նախանշեցին հանդիպման հաջորդ օրը անցկացնել վերոնշյալ հետազոտությունը:

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ բուհի ուսանողների շրջանում անցկացված հետազոտությունը կլինի արդյունավետ և կնպաստի ակադեմիական ազնվության հարցերի ուսումնասիրմանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին Ռոմանագերմանակն լեզուների և Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը, անգլիական բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: